Ֆինանսական կայունության հաշվետվություն (2014թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

ՀՀ ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկերի համախումբն անփոփոխ պահպանվել է նաև 2014 թ. ընթացքում: Հատկանշական է, որ նկատվել է ՀՀ ֆինանսական կայունության վրա այդ ռիսկերի համախմբի ազդեցության աճ: Պահպանվել են զարգացած երկրների տնտեսական աճի՝ առաջին կիսամյակում դրսևորված անհավասարաչափ վերականգնումն ու զարգացող երկրների տնտեսական աճի շարունակական թուլացումը: Միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի նվազումը, Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերության ճյուղում աճի բացակայությունը նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղմանը: Աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված՝ լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվել Ռուսաստանի տնտեսական աճի համար: Սա, իր հերթին, արդեն երկրորդ կիսամյակում բացասական անդրադարձ է ունեցել Հայաստանի Հանրապետություն փոխանցվող մասնավոր տրանսֆերտների և ՌԴ արտահանման ծավալների վրա՝ առավել ընդգծված դառնալով նոյեմբեր-դեկտեմբերին:

Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը երկրորդ կիսամյակում ավելի թույլ է եղել, ինչի արդյունքում 2014 թ. համաշխարհային տնտեսական աճի գնահատականը տարեվերջին՝ տարեսկզբի կանխատեսումներից ցածր է 0.3 տոկոսային կետով: Թեև ԱՄՆ-ին հաջողվել է գրանցել բարձր տնտեսական աճ, սակայն Եվրոգոտու երկրներում տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել՝ հիմնականում պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով: Զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպի նվազման միտումը պահպանվել է, ինչն էլ, իր հերթին, նպաստել է համաշխարհային առևտրի կրճատմանն ու մի շարք բորսայական ապրանքատեսակների գների նվազմանը: Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները շարունակել են վարել տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, ինչը, սակայն, զարգացող երկրներին ավելի ու ավելի դժվարությամբ է հաջողվում՝ պայմանավորված ազգային արժույթների արժեզրկմանը հակազդող միջոցառումների կիրառմամբ: Տարվա ընթացքում պահպանվել է դրամավարկային տոկոսադրույքների ցածր մակարդակը, իսկ ԱՄՆ ԴՊՀ քանակական խթանման ծրագրի ավարտից հետո տոկոսադրույքի բարձրացում սպասում են միայն 2015 թ. երրորդ եռամսյակում:

Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության որոշ երկրներում և Ռուսաստանում (մանրամասն տե՛ս «Տնտեսական զարգացումները ՌԴ-ում» ներգիրում) տնտեսական զարգացումները, կանխատեսումների համեմատ, անբարենպաստ են եղել, և դրանց ազդեցությունը ներքին տնտեսության վրա սկսել է դրսևորվել արդեն երկրորդ կիսամյակում (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):

2014 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 3.4% (2013 թ.՝ 3.5%): Աճի տեմպի համեմատաբար ցածր մակարդակը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղում աճի բացակայությամբ, շինարարության ճյուղի ցուցանիշների անկմամբ և մյուս ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում): Տնտեսական ցածր աճով և մասնավոր տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված՝ բանկային համակարգի կողմից վարկավորման աճի տեմպը նախորդ տարիների համեմատ նվազել է, ինչին զուգընթաց դիտարկվել է կապիտալի համարժեքության նվազման տեմպի դանդաղում: ՀՀ բանկային համակարգը պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր:

Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը պահպանել են աճի միտումը, սակայն շարունակել են մնալ կառավարելի շրջանակում՝ ռիսկեր չառաջացնելով ֆինանսական կայունության համար (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում»):