Ֆինանսական կայունության հաշվետվություն (2010թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական կայունությունը պահպանվել է բավարար մակարդակի վրա: Գյուղատնտեսության ճյուղում արձանագրված անկման արդյունքում գրանցվել է սպասվող մակարդակից ցածր տնտեսական աճ: Տնտեսության մյուս ճյուղերում պահպանվել է աճի միտումը: Մասնավոր տրանսֆերտների և ՀԱՏԵ աճի պարագայում բնակչության եկամուտները շարունակել են աճել, սակայն գրանցված գնաճի ներքո իրական եկամուտները նվազել են: Ֆինանսական համակարգում ռիսկերի մակարդակների վատթարացում չի դիտվել, ամրապնդվել են հետագա դրական զարգացումների սպասումները: Բանկային համակարգը վերականգնել է վարկավորման աճը, սակայն վարկառուների գնահատման գործընթացում շարունակում է մնալ առավել պահպանողական: Արտաքին ապրանքային շուկաներից ներթափանցած գնաճային երևույթները և գյուղատնտեսության ճյուղի անկումը էականորեն փոխել են գնաճի զարգացումները: Կենտրոնական բանկը աստիճանաբար վերանայել է գնաճի կառավարմանն ուղղված գործիքակազմի կիրառումը:

Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է՝ գերազանցելով կանխատեսված մակարդակները: Այդուհանդերձ, անհանգստացնող են տարբեր տարածաշրջանների ու երկրների տնտեսական աճի անհամաչափությունները: Զարգացած և մի շարք զարգացող երկրներում անհրաժեշտ է ամրապնդել տնային տնտեսությունների զբաղվածությունն ու ֆինանսական դրությունը, կայունացնել և հետագայում նվազեցնել պետական պարտքը, բարեփոխումներ իրականացնել ֆինանսական համակարգերում: Արդյունաբերական և պարենային ապրանքների գների աննախադեպ աճ է արձանագրվել՝ առաջ բերելով տնտեսական աճի զսպման ռիսկեր զարգացած արդյունաբերական երկրների համար, գնաճային ռիսկեր՝ զարգացող երկրների համար: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ Ռուսաստանում, Եվրոմիության տարածաշրջանում, վերականգնումը դանդաղ է ընթանում (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):

Հայաստանում արձանագրվել է 2.1% տնտեսական աճ, ինչին հիմնականում նպաստել են ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը: Գյուղատնտեսության ճյուղում գրանցված անկումը բացասական ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական աճի և պարենային ապրանքների գնաճի վրա: Գործազրկության պաշտոնական ցուցանիշը, առաջին կիսամյակի փոքր աճից հետո, երկրորդում սկսել է նվազել՝ կապված աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճի հետ: Գրանցվել է արտաքին առևտրի և մասնավոր տրանսֆերտների աճի վերականգնում, սակայն դեռևս չի վերականգնվել նախաճգնաժամային մակարդակը: Երկրորդ կիսամյակում արտահանման դոլարային աճի տեմպերի արագացման և ներմուծման աճի տեմպերի դանդաղման պարագայում բարելավվել է ընթացիկ հաշիվը, և ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել ՀՆԱ մոտ 14%-ը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2.0 տոկոսային կետով:

2010 թ. առաջին կիսամյակում Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.25 տոկոսային կետով՝ սահմանափակելով ծավալային ընդլայնմանն ուղղված գործիքները: Ապադոլարայնացմանն ուղղված միջոցառումների հետ մեկտեղ, դրամավարկային պայմանների խստացման արդյունքում, առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը հաջողվել է մոտեցնել գնաճի նպատակային միջակայքի վերին սահմանին: Երկրորդ կիսամյակում գնաճային միջավայրը կրկին ակտիվացել է՝ պայմանավորվելով բացառապես առաջարկի գործոններով, որոնք ենթակա չեն դրամավարկային կարգավորման: Այս իրավիճակում, չնայած գնաճի արագացմանը, Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա բարձրացումից, քանի որ բոլոր գնահատումները ցույց էին տալիս, որ ներքին պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը գնաճային ճնշումներ չի ստեղծում (մանրամասն տե՛ս «Ֆինանսական կայունությունը ՀՀ մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):

ՀՀ առևտրային բանկերը, պահպանելով նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր, 2010 թ. գրանցել են աճ: Բանկային համակարգը և վարկային կազմակերպությունները շարունակել են վարկավորման պայմանների դյուրինացումը, և տնտեսության վարկավորման աճը պահպանվել է (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» բաժնում):