Ֆինանսական կայունության հաշվետվություն (2007թ. տարեկան)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՆԱԽԱԲԱՆ
Վերջին տասնամյակում աշխարհի զարգացած երկրների կենտրոնական բանկերը, գների կայունությունից բացի, որպես առաջնային խնդիր են ամրագրել նաև երկրի ֆինանսական կայունությունը: ՀՀ կենտրոնական բանկը նույնպես ստանձնել է ֆինանսական կայունության ապահովման գործառույթը և 2006 թվականից սկսած՝ ֆինանսական կայունության խոցելիության գնահատման պարբերական մոնիտորինգ է իրականացնում: 2006 թվականին Հայաստանի ֆինանսական կայունության վերաբերյալ առաջին վերլուծությունը ներառվել է ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվությունում, իսկ ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Կենտրոնական բանկը պարտավորվել է 2007 թվականից սկսած հրապարակել նաև Ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն: Ֆինանսական կայունության հաշվետվության նպատակն է տեղեկացնել ֆինանսական շուկայի մասնակիցներին և լայն հասարակությանը ՀՀ ֆինանսական կայունությունը խաթարող ռիսկերի և դրանց զարգացման հավանական ուղղությունների մասին: Հաշվետվությունը կոչված է գնահատելու ՀՀ ֆինանսական համակարգի ճկունությունն ու կարողությունը՝ չեզոքացնելու ֆինանսական կայունությունը վտանգող առկա և պոտենցիալ ռիսկերը՝ չխաթարելով ֆինանսական շուկաների ու հաստատությունների արդյունավետ գործունեությունը և ընկերությունների ու տնային տնտեսությունների ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխման գործընթացը: ՀՀ ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկերը կարող են ծագել Հայաստանի տնտեսությունում, երկրից դուրս՝ արտաքին տնտեսությունում, և բուն ֆինանսական համակարգում: Այս առումով, ֆինանսական կայունության ապահովման կարևորագույն նախապայմաններն են՝
- կայուն զարգացող ներքին և արտաքին մակրոտնտեսական միջավայրը, որի պայմաններում տնային տնտեսությունները և ձեռնարկությունները բավարար չափով վարկունակ կլինեն,
- կայուն և արդյունավետ ֆինանսական համակարգը, որի ռիսկերը կլինեն խելամիտ ու կառավարելի սահմաններում,
- գործունակ ֆինանսական ենթակառույցները, որոնց անխափան գործունեությունը չի խանգարի ֆինանսական համակարգի գործառույթների իրականացմանը:
Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ ֆինանսական կայունությունը վտանգող հավանական ռիսկերը հաշվետվությունում ներկայացված են 5 հիմնական ուղղություններով՝
- համաշխարհային տնտեսության զարգացումներից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ մակրոտնտեսական միջավայրի զարգացումներից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ ֆինանսական շուկայում տեղ գտած զարգացումներից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ ֆինանսական հաստատություններից ածանցվող ռիսկեր,
- ՀՀ ֆինանսական ենթակառույցներից ածանցվող ռիսկեր:
Հաշվետվությունում ներկայացված են այդ ոլորտներում դրսևորված ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության և ֆինանսական համակարգի բոլոր հատվածների զարգացումների վրա: Ընդ որում՝ հիմնական շեշտը դրված է ՀՀ բանկային համակարգի վրա ունեցած հավանական ազդեցության վրա, քանզի ֆինանսական հաստատությունների ակտիվների ավելի քան 90%-ը կազմում են առևտրային բանկերի ակտիվները: ՀՀ ֆինանսական համակարգի մյուս երկու բաղադրիչները՝ ֆինանսական շուկաները ու ենթակառուցվածքները, որոշ դեպքերում փոքր կշիռ ունեն ֆինանսական համակարգում, որոշ դեպքերում բավականաչափ զարգացած չեն, որ նշանակալի ազդեցություն ունենան ֆինանսական կայունության վրա: