Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2025 թվականի 4-րդ եռամսյակ - 2026 թվականի 3-րդ եռամսյակ)

2025 թվականի 4-րդ եռամսյակից մինչև 2026 թվականի 3-րդ եռամսյակը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ-ում գնաճային միջավայրն աստիճանաբար ընդլայնվել է: Այն հիմնականում արտացոլում է ներմուծվող և տեղական ոչ սեզոնային պարենային ապրանքներից փոխանցվող գնաճային ազդեցությունները, որոնք պայմանավորված են վերջին եռամսյակներում համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ճնշումներով և ներքին տնտեսությունում առաջարկի առանձին գործոններով։ 2026 թվականի սկզբից գնաճի արագացմանը նպաստել են նաև առողջապահական ծառայությունների գների որոշակի ավելացումը՝ պայմանավորված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պայմաններում էներգակիրների զգալի գնաճը: Դիտարկվող ժամանակահատվածում բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ըստ ապրանքախմբերի աստիճանաբար կրելով ավելի համատարած բնույթ, ինչը, բացի առաջարկի գործոններից, վկայում է նաև ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին։

Հաշվետու ժամանակահատվածում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ակտիվություն, ինչին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի զարգացումները՝ մատնանշելով ավելցուկային պահանջարկի առկայությունը: Վերջինիս, հատկապես ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից, էապես նպաստել է նաև արտաքին պահանջարկի ընդլայնումը՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների և դրանց տևողության աճով, ինչը ձևավորել է նաև էական ռիսկեր համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։ Այս համատեքստում, հաշվետու ժամանակաշրջանում քննարկված Ա տիպի սցենարները կապված են եղել տնտեսությունում ձևավորված ավելցուկային պահանջարկի պայմանների հետագա ընդլայնման և գնաճային ճնշումների ուժգնացման ռիսկերի հետ։ Մասնավորապես՝ աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր սրման պայմաններում դեպի ՀՀ այցելությունների հետագա արագացումը, ինչպես նաև հայկական ակտիվների նկատմամբ հետաքրքրության աճով և արտաքին «մղող» գործոններով պայմանավորված՝ դեպի ՀՀ կապիտալի զգալի հոսքերի պահպանումը կամ դրանց ավելացումը կարող էին նպաստել ներքին տնտեսությունում պահանջարկի պայմանների լրացուցիչ ընդլայնմանը։

Մյուս կողմից՝ դիտարկվել են Բ տիպի սցենարներ՝ կապված աշխարհաքաղաքական մեծ անորոշության երկար պահպանման և հիմնական գործընկեր երկրներում, մասնավորապես ՌԴ-ում, կառուցվածքային խնդիրների խորացման պայմաններում տնտեսական աճի և դրա հեռանկարի վատթարացման, ինչպես նաև ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ։ Ավելին՝ ՌԴ-ի կողմից ՀՀ արտահանողների համար ներմուծման ստանդարտների խստացումը կարող էր հանգեցնել ՀՀ-ում եկամուտների և պահանջարկի թուլացմանը՝ ունենալով նաև ուղղակի գնանկումային ազդեցություն՝ պայմանավորված առանձին շուկաներում ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերով։

Ստեղծված իրավիճակում, hաշվետու ժամանակահատվածի սկզբում ԿԲ-ն, շարունակելով նախորդ շրջանում մեկնարկած դրամավարկային քաղաքականության աստիճանական նորմալացման գործընթացը, 2025 թ. դեկտեմբերին նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ դրամավարկային պայմանները մոտեցնելով շուկայի մասնակիցների կողմից գնահատվող չեզոք դիրքին։ Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածի սկզբում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ 2025 թ. դեկտեմբերին ձևավորվելով թիրախի շուրջ՝ 3.3% մակարդակում։

Հետագա ամիսներին, հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ և պահանջարկի որոշակի ընդլայնման պայմաններում, գնաճը սկսել է արագանալ։ Այսպես՝ այդ թվում Մերձավոր Արևելքի հակամարտությամբ պայմանավորված էներգակիրների և պարենի համաշխարհային գների աճով, 12-ամսյա գնաճը 2026 թ. ապրիլին կազմել է 5.3%, իսկ բնականոն գնաճը՝ 4.9%, որից հետո երկուսն էլ դրսևորել են որոշակի դանդաղման միտումներ՝ այդուհանդերձ պահպանվելով թիրախից բարձր՝ սեպտեմբերին կազմելով համապատասխանաբար 4.3% և 4.7%։ Նման պայմաններում, 2026 թվականի փետրվար-օգոստոս ժամանակահատվածում, հիմնականում կարևորելով երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման հավասարակշռումը՝ ՀՀ ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը, իսկ սեպտեմբերին Ա տիպի ռիսկերի նյութականացման հետևանքով հնարավոր մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունից ելնելով՝ բարձրացրել է այն 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։