Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2025 թվականի 3-րդ եռամսյակ - 2026 թվականի 2-րդ եռամսյակ)

2025 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2026 թվականի 2-րդ եռամսյակը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ-ում գնաճային միջավայրն աստիճանաբար ընդլայնվել է: Դրան մեծապես նպաստել են hամաշխարհային տնտեսությունից, հատկապես պարենային ապրանքների մասով փոխանցվող գնաճային ճնշումները և տեղական պարենային ապրանքների գների աճը։ Վերջինս մասամբ պայմանավորված է մակնիշավորման գործընթացի ներդրմամբ և եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում գյուղատնտեսական սեզոնի տեղաշարժով: 2026 թվականի 1-ին կիսամյակում գնաճի արագացմանը նպաստել են նաև առողջապահական ծառայությունների գների որոշակի ավելացումը՝ պայմանավորված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պայմաններում էներգակիրների զգալի գնաճը: Դիտարկվող ժամանակահատվածում բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ըստ ապրանքախմբերի աստիճանաբար կրելով ավելի համատարած բնույթ, ինչը կարող է վկայել տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայության մասին:

Հաշվետու ժամանակահատվածում, չնայած որոշակի տատանողականությանը, ընդհանուր առմամբ, արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ակտիվություն՝ վերջին ամիսներին ցուցաբերելով արագացման միտում, ինչին էականորեն նպաստել է արտաքին պահանջարկի ընդլայնումը՝ առավելապես արտահայտվելով ՀՀ այցելությունների թվի աճով։ ՀՀ-ում տնտեսական աճի և պահանջարկի հետագա ընդլայնմանը կարող են նպաստել աստիճանաբար ավելացող կապիտալ հոսքերը։ Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական բարձր անորոշության պահպանումն ու հիմնական գործընկեր երկրներում, մասնավորապես ՌԴ-ում, կառուցվածքային խնդիրների խորացման պայմաններում տնտեսության աճի և դրա հեռանկարի վատթարացումը պարունակում են արտաքին պահանջարկի կտրուկ թուլացման ռիսկեր։ Ավելին՝ ՌԴ կողմից ՀՀ արտահանողների համար ներմուծման ստանդարտների խստացումը կարող է հանգեցնել ՀՀ-ում եկամուտների և պահանջարկի թուլացմանը՝ ունենալով նաև ուղղակի գնանկումային ազդեցություն՝ պայմանավորված առանձին շուկաներում ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերով։ Աշխատաշուկայում անհավասարակշռությունների թուլացման գործընթացը շարունակվել է՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի կայունացմամբ թիրախին մոտ մակարդակներում։ Այս պայմաններում գնաճային սպասումները դրսևորել են կայունացման միտումներ: Ստեղծված իրավիճակում ԿԲ-ն շարունակել է կարգավորել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 0.25 տոկոսային կետով:

Արդյունքում՝ դրամավարկային քաղաքականության աստիճանական նորմալացման և հիմնականում առաջարկի գործոնների ազդեցության պայմաններում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ 2025 թ. հունիսի 3.9%-ից 2026 թ. հունիսին հասնելով 5.1%-ի: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ 3.1%-ից հասնելով 4.9%-ի: