Հրապարակվել է ՀՀ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի վեցերորդ փուլի գնահատման հաշվետվությունը

Սույն թվականի հուլիսի 09-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ) դեմ պայքարի համակարգի վեցերորդ փուլի գնահատման հաշվետվությունը, որը հաստատվել է Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 71-րդ լիագումար նիստի շրջանակներում:

Հաշվետվությունը գնահատում է Հայաստանի կողմից ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունավետությունն ու համապատասխանությունը՝ Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) մեթոդաբանության համաձայն։

Հաշվետվությունում արձանագրվում է Հայաստանում ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ընկալման, ինչպես նաև դրա շարունակական բարելավմանն ուղղված ջանքերը։ Հաշվետվությունը արձանագրում է երկրի առաջընթացը, մասնավորապես՝ հետևյալ ուղղություններով.

  • Զգալի առաջընթաց է արձանագրվել ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ընկալման և դրանց զսպմանն ուղղված ազգային ռազմավարության և քաղաքականության մշակման հարցերում։
  • Պատկան մարմինները արդյունավետորեն համագործակցում են օտարերկրյա գործընկերների հետ։
  • Նախորդ գնահատման փուլից ի վեր երկիրը նշանակալի քայլեր է ձեռնարկել ֆինանսական հաստատությունների ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի վերահսկողությունը ամրապնդելու և ռիսկահենք վերահսկողություն ներդնելու ուղղությամբ։
  • ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը իրավապահ մարմիններին տրամադրում է բարձր որակի ֆինանսական հետախուզության տվյալներ։
  • Երկիրը արդյունավետորեն ապահովում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված թիրախային ֆինանսական պատժամիջոցների իմպլեմենտացիան։

Համաձայն Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի ընթացակարգերի՝ երկրի հաջորդ հաշվետվությունը կդիտարկվի 2029թ.-ին:
Հաշվետվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

*ՖԱԹՖ-ը միջազգային կազմակերպություն է, որը սահմանում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի առանցքային հանձնարարականները (չափանիշները) և երկրների՝ դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով իրականացված ջանքերը՝ ՖԱԹՖ-ի կողմից մշակված մեթոդաբանության համաձայն:

**Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի փորձագետներով կազմված մարմին է, որը գնահատում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարականներին՝ ՖԱԹՖ-ի կողմից մշակված մեթոդաբանության համաձայն: