Անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր, ինչպես նաև միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերի կիրառման դեպքերը և կարգը սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 27-Ն
09.02.2026
Անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր, ինչպես նաև միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերի կիրառման դեպքերը և կարգը սահմանելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 09.02.2026
Նպատակ ունենալով ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) հետապնդվող նպատակների ու ամրագրված քաղաքականության շարունակական և արդյունավետ իրագործումը, այդ թվում՝ պայմաններ ստեղծելով անկանխիկ վճարումների հասանելիության և վճարային ծառայություններից օգտվող անձանց ներառականության ու գոհունակության մակարդակի բարձրացման համար,
վերլուծելով Օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում ձևավորված սակագներն ու ծառայությունների մատուցման պայմանները,
հաշվի առնելով, որ փոքր տնտեսվարող սուբյեկտները (մանրածախ առևտրում ներգրավված) կարող են չունենալ բավարար կարողություն և իրական հնարավորություն բանկերի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մատչելի միջնորդավճարներով սպասարկվելու համար,
ընդունելով, որ Օրենքով ներդրված քաղաքականությունը նպաստել է ֆինանսական համակարգում միջնորդության ծավալների էական բարձրացմանը, ինչով պայմանավորված հնարավորություն է առաջացել որոշ թիրախային խմբերի սպասարկումն իրականացնել առավել նպաստավոր սակագներով՝ միաժամանակ ապահովելով բանկերի համար ողջամիտ եկամտաբերության մակարդակ,
առաջնորդվելով փոքր տնտեսվարող սուբյեկտների համար վճարային ենթակառուցվածքների ծառայությունների սակագների հնարավոր անհամաչափ բեռը նվազեցնելու հանրային շահով,
հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Սահմանել, որ սույն որոշման հավելված 1-ի աղյուսակ 1-ով սահմանված Արքա վճարային համակարգի կանոնների համաձայն վաճառակետի տեսակի կոդ (Merchant category code) ունեցող անձանց ցանկում ընդգրկված (Հայաստանի Հանրապետությունում գրանցված) և սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը նախորդող օրացուցային տարվա համար մինչև 150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող (համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետով սահմանված նշանակության) անձանց համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար սահմանվող բոլոր միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը (այդ թվում՝ հաստատուն կամ պարբերական բնույթ կրող այլ վճարները) չեն կարող գերազանցել.
1) «Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերության վճարումների համակարգին պատկանող և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացվող յուրաքանչյուր գործարքի դեպքում՝ գործարքի գումարի 0,5% սահմանաչափը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված և ֆիզիկական ՊՈՍ տերմինալների միջոցով կատարված գործարքների շրջանառության ծավալով ամենամեծ երկու միջազգային քարտային վճարումների համակարգին պատկանող քարտերով կատարվող յուրաքանչյուր գործարքի դեպքում՝ գործարքի գումարի 0,9% սահմանաչափը:
2. Սահմանել, որ այն դեպքում, երբ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տրամադրած ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը, ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար սահմանվող բոլոր միջնորդավճարների առավելագույն չափերը (այդ թվում՝ հաստատուն կամ պարբերական բնույթ կրող այլ վճարները) չեն կարող գերազանցել ամսական՝
1) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում սպասարկման համար՝ 4,600 (չորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամը,
2) Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքներում սպասարկման համար՝ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամը,
3) Հայաստանի Հանրապետության գյուղերում սպասարկման համար 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով տրված նկարագրությանը համապատասխանող անձանց ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին վճարվող միջնորդավճարների (միջբանկային պարգևավճարների) առավելագույն չափը չի կարող գերազանցել 0,2% սահմանաչափը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բանկերը յուրաքանչյուր տարվա համար, մինչև տվյալ տարվան հաջորդող փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում սույն որոշման հավելված 2-ով սահմանված հաշվետվությունը: Սույն կետով սահմանված հաշվետվությունը լրացվում և ներկայացվում է սույն որոշման հավելված 3-ով սահմանված կարգով:
5. Սույն որոշման 1-ին կետով սահմանված չափանիշներին համապատասխանող անձանց տվյալները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տարեկան մեկ անգամ՝ մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը, տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին՝ յուրաքանչյուրին իր հաճախորդների մասով:
6. Սույն որոշմամբ սահմանված առավելագույն միջնորդավճարները կիրառվում են յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև հաջորդող տարվա փետրվարի վերջին օրացուցային օրը:
7. Սույն որոշման 6-րդ կետում նշված ժամանակահատվածում նոր ստեղծվող և սույն որոշման հավելված 1-ի աղյուսակ 1-ով նկարագրված վաճառակետի տեսակի կոդ ունեցող անձանց ցանկում ընդգրկված սուբյեկտների նկատմամբ տարածվում են սույն որոշմամբ սահմանված միջնորդավճարների և միջբանկային պարգևավճարների առավելագույն սահմանաչափերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան
Վաճառակետի տեսակի կոդ (merchant category code) ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկ (թիվ 27-Ն որոշման հավելված 1)
Հաշվետվություն ԱՍԿ-ներին տրամադրված ՊՈՍ տերմինալների և դրանցով իրականացված գործարքների վերաբերյալ (թիվ 27-Ն որոշման հավելված 2)
Առևտրի կամ սպասարկման կետերին տրամադրված պոս տերմինալների և դրանցով իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման և լրացման կարգ (թիվ 27-Ն որոշման հավելված 3)