Անց է կացվել աշխատաժողով «Պայքար զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ» թեմայով

Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մակարդակի ամրապնդման նպատակով սույն թվականի նոյեմբերի 2-ից 3-ը Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից անց է կացվել աշխատաժողով՝ «Պայքար զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման ֆինանսավորման դեմ» թեմայով:

Աշխատաժողովի առաջին օրը ՀՀ «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի» աշխատանքային խմբի անդամների, ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համակողմանիորեն քննարկվել են խնդրին առնչվող միջազգային պահանջները և լավագույն փորձը, ոլորտի վերջին զարգացումները և իրավակարգավորիչ հարցեր, ինչպես նաև այն մեթոդներն ու ուղիները, որոնք ուղղված են զանգվածային ոչնչացման զենք տարածողների մուտքը ֆինանսական համակարգ արգելելուն:

Աշխատաժողովի երկրորդ օրվա ընթացքում բանախոսները հանդիպել են ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների՝ մասնավորապես ՀՀ բանկերի և կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների հետ: Վերջիններիս ներկայացվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելիչ միջոցառումների կիրարկման հետ կապված առանձնահատկությունները, առավել բարդ և նորարական տիպաբանությունները, ՄԱԿ անվտանգության խորհրդի և ԱՄՆ Գանձապետարանի արտասահմանյան ակտիվների գրասենյակի կողմից կիրառվող պատժամիջոցների իրավական բնույթը և ազդեցությունը, ինչպես նաև այլ հարցեր:

Աշխատաժողովի շրջանակներում որպես բանախոս հանդես են եկել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները՝ Դաշնային հետախուզական գրասենյակից, Պետական դեպարտամենտից, Արդարադատության նախարարությունից և Գանձապետարանից:

Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: