Financial trading house կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության վերաբերյալ

Financial trading house կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության վերաբերյալ

Նախորդ շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ շվեյցարական Swissquote Bank-ը Հայաստանում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով: Ըստ տարածված տեղեկությունների, հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում: Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով: Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում և հայաստանյան հաճախորդների շրջանում ձևավորված տարակուսանքը, ինչպես մեր քաղաքացիների լրացուցիչ ռիսկերից զերծ պահելու նպատակով Կենտրոնական բանկը հայտնում է.

  • Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևէ տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք: 
  • Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից և համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևէ գործարք:
  • Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևէ ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:
  • Կենտրոնական բանկը սույն թվականի հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am