Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի և փոխառությունների դասակարգման սուբյեկտիվ չափանիշների պարզաբանման մասին
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական պարզաբանում
05/12/2002թ.թիվ 2
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն պարզաբանման նպատակն է, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի 3.3 և 3.6 ենթակետերը, նպաստել վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի և փոխառությունների դասակարգման սուբյեկտիվ չափանիշների բացահայտմանը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները վերահսկողություն իրականացնելիս առաջնորդվում են սույն պարզաբանումով:
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի 3.3 և 3.6 ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է, որ՝
1.Վարկային կազմակերպությունները կարող են սպառողական վարկեր տրամադրել համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 396 Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների կողմից սպառողական վարկերի և փոխառությունների տրամադրման կարգին» (այսուհետև՝ կարգ) համապատասխան՝ իրենց ներքին ակտերով սահմանված՝ սպառողական վարկերի տրամադրման ընթացակարգերի շրջանակներում:
2.Սպառողական վարկերի տրամադրման ընթացակարգը սահմանելիս, վարկային կազմակերպությունը, նպատակահարմար է, որ հաշվի առնի սույն պարզաբանումները:
3.Սպառողական վարկերի տրամադրման ընթացակարգը պետք է արտացոլի վարկավորման խելամիտ գործընթացը, որը ներառում է վարկերի տրամադրման, սպասարկման, վերահսկման և մարման ընթացքի գրագետ կազմակերպումն ու վարկային փաստաթղթերի փաթեթի ստեղծումը, այդ թվում նաև՝ վարկառուի վարկունակության չափանիշներին համապատասխանելիության ուսումնասիրումը (այն նախատեսում է վարկավորվող օբյեկտի վարկարժանության մասին բավարար և իրական տեղեկությունների հավաքագրում, այդ թվում՝ արտաքին աղբյուրներից, տնտեսական և շուկայական զարգացումների նկատմամբ գրավի առարկայի զգայունության իրատեսական գնահատում, հնարավոր ռիսկերի նկարագրում և այլն):
4.Վարկային կազմակերպության կողմից վարկավորման խելամիտ գործընթացի որդեգրումը ենթադրում է, որ վարկային կազմակերպությունն ունի հստակ պատկերացում իր նպատակային շուկայի մասին (անշարժ գույքի, շարժական գույքի, մանր սպառողական ապրանքների, ծառայությունների և այլ շուկաների) և ձևավորել է որոշակի առաջնահերթություններ՝ վարկարժանության օբյեկտների, վարկերի ժամկետների, ապահովության և այլ պայմանների վերաբերյալ:
5.Վարկավորման գործընթացը իրականացնելիս ցանկալի է, որ վարկային կազմակերպությունն առաջնորդվի հետևյալ սկզբունքներով՝
5.1.Սպառողական վարկով ձեռք բերվելիք քաղաքացիական իրավունքի օբյեկտը գույք հանդիսանալու դեպքում, սպառողական վարկը տրամադրել այդ գույքի գրավադրման նախապայմանով: Ընդ որում, տվյալ դեպքում վարկատուի և վարկառուի գրավային հարաբերությունների կարգավորումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Գրավի իրավունք» 15-րդ գլխի «Հիփոթեք» պարագրաֆ 2-ի դրույթներով, եթե նույն գլխի մեկ այլ դրույթ ավելի լավ չի արտահայտում տվյալ գործարքի էությունը:
5.2.Սպառողական վարկով ձեռք բերվելիք քաղաքացիական իրավունքի օբյեկտը ոչ նյութական ակտիվ (այդ թվում նաև՝ մտավոր գործունեության արդյունքներ և տեղեկատվություն), ծառայություն կամ ընթացիկ ծախսերի կատարման համար տրամադրվելիք գումար հանդիսանալու դեպքում, պահանջել վարկառուից պարտավորությունների կատարման այլ ապահովում (գրավ, երաշխիք, երաշխավորություն և այլն): Ընդ որում, տվյալ դեպքում վարկատուի և վարկառուի հարաբերությունների կարգավորումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Գրավի իրավունք» գլուխ 15-ի և կամ «Պարտավորությունների կատարման ապահովումը» գլուխ 24-ի համապատասխան դրույթներով:
5.3.Վարկային կազմակերպությունը, համաձայն կարգի 9-րդ կետի, պետք է իրականացնի սպառողական վարկային գործընթացի վերահսկում:
Վարկառուի պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում վարկային կազմակերպությունը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով նախատեսված գործողություններ:
6.Համաձայն կարգի 10-րդ կետի՝ յուրաքանչյուր վարկառուի համար վարկային կազմակերպությունը բացում և վարում է վարկային գործ, որի կազմի մեջ է մտնում վարկային փաստաթղթերի փաթեթը: Վարկային փաստաթղթերի ստանդարտ փաթեթը համալրվում է համաձայն կարգի 12-րդ կետի: Յուրաքանչյուր սպառողական վարկի վերաբերող վարկային գործը պետք է ամբողջական և արժանահավատ տեղեկատվության աղբյուր հանդիսանա, ինչի անհրաժեշտությունից ելնելով, բացի կարգով նախատեսված փաստաթղթերից, ստանդարտ փաթեթի մեջ ցանկալի է ընդգրկել նաև հետևյալ փաստաթղթերը՝
6.1.վարկառուի պարտավորությունների կատարման ապահովմանն առնչվող փաստաթղթեր.
6.2.կատարված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր.
6.3.տվյալ սպառողական վարկին վերաբերող վարկային կազմակերպության կողմից հավաքագրած այլ տեղեկատվություն.
6.4.վարկառուի պարտավորությունների կատարումը գրավով ապահովված չլինելու դեպքում, ստանդարտ փաթեթի մեջ ներառվում են պարտավորության կատարումն ապահովող փաստաթղթերը (երաշխավորության պայմանագիր, տուժանքի մասին համաձայնություն, երաշխիքին առնչվող փաստաթղթեր և այլն).
6.5.վարկառուի պարտավորությունների կատարումը գրավով ապահովված լինելու դեպքում, ստանդարտ փաթեթի մեջ ներառվում են գրավի գործարքին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝
6.5.1.գրավի պայմանագիրը,
6.5.2.գրավի գնահատման ակտը,
6.5.3.գրավի սեփականությունը և անհրաժեշտության դեպքում՝ գրավադրելու իրավունքը հաստատող փաստաթղթեր,
6.5.4.անհրաժեշտության դեպքում՝ գրավի առարկան արգելանքից ազատ լինելը հաստատող փաստաթուղթ,
6.5.5.ելնելով գրավի տեսակից՝ վարկային կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր.
6.6.այլ փաստաթղթերի կազմում. վարկային կազմակերպությունը կարող է պահանջել՝
6.6.1.անշարժ գույքի գրավադրման դեպքում՝
6.6.1.1.անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ (սեփականության վկայական), սեփականության վկայականի հիմքերը (առուվաճառքի պայմանագիր, կտակ, ժառանգություն, նվիրատվություն, գործադիր մարմնի որոշում),
6.6.1.2.գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնից տեղեկանք այն մասին, որ գույքն արգելանքի տակ չէ,
6.6.1.3.բնակարանի գրավադրման դեպքում՝ տեղեկանք բնակավայրից՝ գրանցված անձանց վերաբերյալ և բոլոր գրանցված չափահաս անդամների գրավոր համաձայնությունը գրավադրման վերաբերյալ՝ վավերացված նոտարական կարգով.
6.6.2.տրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում՝
6.6.2.1.տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը,
6.6.2.2.տեղեկանք Պետավտոտեսչությունից այն մասին, որ մեքենան արգելանքի տակ չէ.
6.6.3.հիմնական և շրջանառու միջոցների, ինչպես նաև սպառողական ապրանքների գրավադրման դեպքում՝
6.6.3.1.գրավադրվող առարկաների ցանկը, տեխնիկական տվյալները, նկարագիրը.
6.6.4.արժեթղթերի գրավադրման դեպքում՝
6.6.4.1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ քաղվածք ռեեստրից՝ գրավադրվող արժեթղթերի սեփականության վերաբերյալ,
6.6.4.2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղվածք պահառուից\ենթապահառուից՝ գրավադրվող պետական արժեթղթերի սեփականության վերաբերյալ:
7.Վարկառուի պարտքը երրորդ անձի կողմից ապահովված կամ երաշխավորված լինելու դեպքում, սպառողական վարկային պայմանագրի պատճենը նպատակահարմար է հանձնել այդ անձին:
8.Սպառողական վարկային պայմանագիրը մյուս պայմանների հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ ներառի՝
8.1.սպառողական վարկի մարման ժամկետը.
8.2.մարման ենթակա ընդհանուր գումարի չափը.
8.3.սպառողական վարկի գումարի մարման կարգը.
8.4.տարեկան տոկոսադրույքը, ընդ որում, եթե սպառողական վարկային պայմանագրով նախատեսված է դրա հնարավոր փոփոխումը, ապա պայմանագրում պետք է բացահայտվեն բոլոր հնարավոր փոփոխման դեպքերը և փոփոխման պայմանները.
8.5.պահանջվող ապահովության նկարագրությունը.
8.6.սպառողական վարկով ձեռք բերվելիք քաղաքացիական իրավունքի օբյեկտի ապահովագրման մասին տեղեկատվություն (եթե այդպիսին նախատեսվում է).
8.7.վարկառուի անվճարունակության դեպքում իրականացվող միջոցառումները.
8.8.սպառողական վարկի նպատակը բացահայտող պայմաններ, այդ թվում՝ 12-րդ կետի «գ» ենթակետում նկարագրված գործարքի առկայության դեպքում՝ սպառողական վարկային պայմանագրի առարկայի նկարագրությունը, գինը, վաճառողի տվյալները և այն էական պայմանների բացահայտումը, որոնց բավարարման դեպքում վարկառուն դառնում է այդ առարկայի սեփականատերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
2002 թ. դեկտեմբերի 12 , ք. Երևան