Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 20-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 144-Ն
28.09.2021

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 20-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 06.10.2021

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ կապված իրական շահառուի հասկացության փոփոխության հետ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելված 1-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն Որոշման Հավելված 1-ի։
2. Որոշման Հավելված 2-ում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարությունը ներկայացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 34-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ թղթային եղանակով:»,
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ հայտարարության մեջ իբրև իրական շահառու կարող է նշվել այն ֆիզիկական անձը, որը.
1) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
2) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
3) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:»,
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայտարարության 1.1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձը ներկայացնելու իրավասության հիմքը:»,
4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայտարարության 1.2-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում են իրավաբանական անձի իրական շահառուի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:»,
5) 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
6) 8-րդ կետը «հանդիսանալու հիմքը։» բառերից հետո լրացնել «Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ ներկայացվում են միայն այն դեպքում, երբ առկա չէ սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հիմքերից որևէ մեկով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձ:» նախադասությամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան

2021 թ. սեպտեմբերի 30
Երևան