«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.7 և 3.6 ենթակետերի կիրառման մասին
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական պարզաբանում
13/04/2004թ.թիվ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՄԲ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ) ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ» 2.7 ԵՎ 3.6 ԵՆԹԱԿԵՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ) հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետ՝ ակտիվների դասակարգման կարգ) 2.7 և 3.6 ենթակետերի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
Այն դեպքում, երբ բանկի տրամադրած վարկերի, նրա նկատմամբ ձևավորված դեբիտորական պարտքերի կամ բանկի համար վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների (այսուհետև՝ ակտիվ) բլանկային չդասակարգման միակ պայմանը իրավաբանական անձի կողմից տրամադրված երաշխիքը կամ երաշխավորությունն է, և տվյալ երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը (անկախ նախորդ հաշվետու և ընթացիկ ժամանակաշրջաններում շահույթով աշխատելու հանգամանքից) ունի բանկային համակարգի նկատմամբ չաշխատող պարտավորություններ, ապա տվյալ ակտիվները պետք է դասակարգվեն՝ հիմք ընդունելով երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի դասակարգված պարտավորություններից ամենախստի դասը, մինչև տվյալ ակտիվի գծով լրացուցիչ ապահովվածության (գրավի) տրամադրումը և/կամ ակտիվների դասակարգման կարգի 2.7 ենթակետում նշված որևէ այլ չափանիշի (այդ թվում՝ մեկ այլ իրավաբանական անձի երաշխիքի կամ երաշխավորության) ի հայտ գալը:
Եթե վերը նշված ակտիվի գծով առկա են դասակարգման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ չափանիշներ, և այդ ակտիվի գծով երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը բանկային համակարգի նկատմամբ ունի դասակարգված պարտավորություններ, ապա ակտիվը դասակարգելիս հիմք է ընդունվում վերոնշյալ դասակարգումներից (բուն ակտիվի և երաշխավորի պարտավորությունների) ամենախիստը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
2004 թ. ապրիլի 16, ք. Երևան