Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 19-րդ կետի կիրառման մասին
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական պարզաբանում
13/04/2004թ.թիվ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126 Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ի 19-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 19-րդ կետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
Թիվ 15 հաշվետվությունում պետք է արտացոլվեն բոլոր այն պարտատերերը, որոնց անհատական պահանջները բանկի նկատմամբ գերազանցում են բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 5 % սահմանաչափը (11-րդ սյունակում լրացվում է խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պարտքի ընդհանուր գումարը մի տողով):
Եթե բանկն ունի իրար հետ փոխկապակցված մի քանի պարտատերեր, որոնց հանդեպ բանկի ունեցած պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է 5 % սահմանաչափը, ապա թիվ 15 հաշվետվության «Պարտատիրոջ անվանումը» սյունակում լրացվում է փոխկապակցված անձանցից ամենամեծ պարտատիրոջ անվանումը, 11-րդ սյունակում՝ այդ պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պարտքի ընդհանուր գումարը մի տողով:
Եթե թիվ 15 հաշվետվության իմաստով՝ անձը համարվում է և՛ խոշոր պարտատեր, և՛ խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձ, ապա նրա հանդեպ ունեցած պարտավորության գումարը հաշվետվության մեջ ցույց է տրվում երկու անգամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
2004 թ. ապրիլի 15, ք. Երևան