«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126 Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 401 Ն որոշման կիրառման մասին
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական պարզաբանում
16/03/2004թ.թիվ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126 Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 401 Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, հաշվի առնելով բանկերից ստացված հարցադրումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 401 Ն որոշմամբ «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ կանոնակարգ 3) կատարված փոփոխությունները եռամսյակային հաշվետվություններում ներառելու, ինչպես նաև թիվ 24 հաշվետվական ձևում առևտրային և ոչ առևտրային գործառնությունները տարանջատելու վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
2004 թվականի առաջին եռամսյակի համար թիվ 11, 12, 18 և 24 եռամսյակային հաշվետվությունները պետք է ամբողջովին կազմվեն և ներկայացվեն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 401 Ն որոշմամբ կանոնակարգ 3-ում կատարված փոփոխությունները:
Թիվ 24 հաշվետվության մեջ ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում ֆիզիկական անձանց կողմից արտերկիր ուղարկված և արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված այն փոխանցումները, որոնց նպատակը հիմնականում ընթացիկ կարիքների բավարարումն է, ինչպես նաև նվիրատվությունները, նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները: Ընդ որում, աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը ևս համարվում է ոչ առևտրային նպատակով իրականացված վճարում: Օրինակ, երբ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) աշխատում է արտերկրում կամ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ոչ ռեզիդենտ ձեռնարկությունում, այդ դեպքում տվյալ ֆիզիկական անձին նրա աշխատանքի դիմաց տրվող աշխատավարձը (Հայաստանի Հանրապետության առևտրային բանկի միջոցով արտերկրից մուտք եղած գումարը) կհամարվի ոչ առևտրային նպատակով իրականացված վճարում:
Թիվ 24 հաշվետվության իմաստով՝ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման ու այդ ակտիվների դիմաց ստացված կամ վճարված տոկոսավճարներն ու նմանատիպ այլ գումարները (բնակվարձ և այլն): Ստորև ներկայացված են առևտրային նպատակով իրականացվող փոխանցումների մի քանի օրինակներ.
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) գումար է փոխանցում արտերկիր՝ համակարգիչներ ձեռք բերելու նպատակով: Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) արտահանված սննդամթերքի դիմաց գումար է ստանում արտերկրից:
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) գումար է փոխանցում արտերկիր ոչ ռեզիդենտի՝ վերջինիս կողմից իրեն մատուցված իրավաբանական խորհրդատվության դիմաց: Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) թարգմանչական ծառայությունների դիմաց վճարում է ստանում որևէ միջազգային կազմակերպությունից:
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) ոչ ռեզիդենտից վճարում է ստանում՝ վերջինիս վաճառված բնակարանի դիմաց:
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) ոչ ռեզիդենտից վճարում է ստանում՝ վերջինիս վաճառված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի դիմաց:
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը (ռեզիդենտ) արտերկրի որևէ առևտրային բանկում ունեցած ավանդի (կամ արժեթղթի) դիմաց տոկոսավճար է ստանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
2004 թ. մարտի 22 , ք. Երևան