Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 71-Ն
30.05.2023
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 09.06.2023
Նպատակ ունենալով ներդնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների տրամադրման առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 1-ի:
2. Սահմանել «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 008 հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 273-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Հ.Խաչատրյան
2023 թ. հունիսի 1
Երևան