ՀՀ ԿԲ Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 713 Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.4-2 ՄԱ հաշվետվության 5-րդ կետի մասին
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական պարզաբանում
12/06/2007թ.թիվ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713 Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ» 66.4-2 ՄԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը, քննարկելով «Տոնտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի ապրիլի 12-ի 0-120-H և 2007 թվականի մայիսի 3-ի 0-139-H գրություններով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ուղղված հարցումները և հաշվի առնելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.4-2 ՄԱ հաշվետվության 5-րդ կետի պարզաբանման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Պաշտոնապես պարզաբանում է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 713 Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 66.4-2 ՄԱ հաշվետվության 5-րդ կետի պահանջը մասնագիտացված անձանց համար առաջացնում է պարտավորություն՝ ներկայացնել հաշվետվությունում նշված անձանց (մասնագիտացված անձի ղեկավարների, նրա կազմում արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, նրա կապիտալում 5 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող բաժնետերերի, ինչպես նաև խորհրդատուների) ընտանիքի անդամների վերաբերյալ անձնագրային ստույգ տվյալներ` նշելով անունը, ազգանունը, ընտանիքում անձի կարգավիճակը, անձնագրի սերիան և համարը: Ընդ որում, վերջիններիս ճշգրտությունը մասնագիտացված անձը պարտավոր է ապահովել պատշաճ ներքին հսկողության ընթացակարգերի ներդրման և կիրառման միջոցով` պատասխանատվություն կրելով այդ համակարգերի և մեխանիզմների` առաջադրված խնդիրներին համապատասխանելու և դրանք պատշաճ կերպով լավագույնս կիրառելու համար: Նշված պայմաններին համապատասխանելու դեպքում մասնագիտացված անձը պատասխանատվություն չի կրում հաշվետվությունում նշված անձանց դիտավորյալ գործողությունների (ոչ ստույգ տվյալների ներկայացում, տեղեկատվությունը թաքցնելը) համար` պայմանով, որ չգիտեր և չէր կարող իմանալ պահանջվող տեղեկատվության հավաստի չլինելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
2007 թ. հունիսի 19, ք. Երևան