Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 125-Ն
 26.07.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 04.08.2022

Նպատակ ունենալով  նվազեցնել և կանխարգելել վճարային քարտերով իրականացվող գործառնությունների արդյունքում առաջացող ռիսկերը (օրինակ՝ հաշվարկային և արտարժութային), ինչպես նաև բարենպաստ պայմաններ ապահովել անկանխիկ գործառնությունների զարգացման համար, հիմք ընդունելով  «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «ե» կետերով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին» կարգի 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետ.

«29.1 Եթե թողարկողների կողմից թողարկված վճարային քարտերի սպասարկումը (այդ թվում՝ թոքեններ կիրառող թվային վճարային լուծումների կիրառմամբ) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կողմից, ապա այդ գործառնությունների գծով քլիրինգը և վերջնահաշվարկն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանաբար քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. հուլիսի 29, ք. Երևան