Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 159-Ն
23.09.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 27.09.2022
Նպատակ ունենալով արտարժույթի տնօրինման նորմատիվի վերաբերյալ հաշվետվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Կանոնակարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10. Թիվ 7 հաշվետվությունը բաղկացած է 3 էջից:
Հաշվետվությունում հաշվեկշռային արտարժութային հոդվածները և արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածներն ընդգրկվում են Կանոնակարգ 2-ի 83-րդ կետի պահանջներին համապատասխան:
1) Հաշվետվության առաջին էջում լրացվում են Աղյուսակ 1-ը և Աղյուսակ 2-ը:
Աղյուսակ 1-ում ներկայացվում է բանկի բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի հաշվարկը՝ Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով: Աղյուսակ 1-ը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն՝
ա. «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» սյունակի «I արտարժութային խմբի առավելագույն դիրք» և «II արտարժութային խմբի առավելագույն դիրք» ենթասյունակներում լրացվում են արտարժութային առավելագույն դիրքերն` ըստ արտարժութային խմբերի՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 2-ի 6.1-րդ գլուխը և տվյալ օրվա՝ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը,
բ. «Արտարժութային առավելագույն դիրք» ենթասյունակում լրացվում է արտարժութային առավելագույն դիրքը՝ բոլոր արտարժույթների գծով՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 2-ի 6.1-րդ գլուխը և տվյալ օրվա՝ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը,
գ. «Բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի սահմանաչափը» սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված՝ բանկի տվյալ օրվա ընդհանուր կապիտալի և Կանոնակարգ 2-ի 24.2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առավելագույն սահմանաչափի արտադրյալը,
դ. «Տարբերությունը (+/-)» սյունակում լրացվում է «Արտարժութային առավելագույն դիրք» և «Բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի սահմանաչափը» սյունակների տարբերությունը, ընդ որում արտարժութային կարճ դիրքի դեպքում «Արտարժութային առավելագույն դիրք» սյունակում լրացվող մեծությունը հաշվարկում ներառվում է բացարձակ արժեքով: Սյունակում լրացվող մեծությունը բացասական լինելու դեպքում ներկայացվում է «-» նշանով:
Աղյուսակ 2-ը լրացվում է Աղյուսակ 1-ի լրացման սկզբունքների համաձայն՝ միայն հաշվեկշռում հաշվառվող արտարժութային ակտիվների, պարտավորությունների, արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գծով:
2) Հաշվետվության երկրորդ էջում լրացվում են Աղյուսակ 3-ը և Աղյուսակ 4-ը:
Աղյուսակ 3-ում ներկայացվում է բանկի յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվի հաշվարկը՝ Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով: Աղյուսակ 3-ը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն՝
ա. «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողերում լրացվում է յուրաքանչյուր արտարժույթի գծով բաց դիրքը` հիմք ընդունելով տվյալ օրվա՝ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը: Այն դեպքում, երբ առանձին արտարժույթի գծով բանկն ունի կարճ դիրք, «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում նշված մեծությունը լրացվում է «-» նշանով:
բ. «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» տողերում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված՝ բանկի տվյալ օրվա ընդհանուր կապիտալի և Կանոնակարգ 2-ի 24.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առավելագույն սահմանաչափի արտադրյալը:
գ. «Տարբերությունը (+/-)» տողերում լրացվում է «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» և «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» տողերի տարբերությունը, ընդ որում, արտարժութային կարճ դիրքի դեպքում «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում լրացվող մեծությունը հաշվարկում ներառվում է բացարձակ արժեքով: Տողում լրացվող մեծությունը բացասական լինելու դեպքում ներկայացվում է «-» նշանով:
դ. Եթե բանկն ունի բաց դիրք այնպիսի արտարժույթով, որը նշված չէ հաշվետվության երկրորդ էջում, ապա այդ արտարժույթի անվանումը նշվում է 3-րդ և 4-րդ աղյուսակների «Այլ արտարժույթ» սյունակում՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի: Եթե բանկն ունի այնպիսի արտարժույթով արտահայտված միջոցներ, որոնք պետք է ցույց տրվեն «Այլ արտարժույթ» սյունակում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության՝ Կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային փոխարժեքները:
ե․ Բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջները և պարտավորությունները և ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվները ներկայացվում են որպես մեկ արժույթ՝ «Այլ արտարժույթ» սյունակում լրացնելով ոսկու ISO (ԻՍՕ) 4217 կոդը։ Սույն պարբերությամբ նախատեսված սկզբունքը կիրառվում է նաև այլ մետաղների դեպքում։
Հաշվետվության Աղյուսակ 4-ը լրացվում է Աղյուսակ 3-ի լրացման սկզբունքների համաձայն՝ միայն հաշվեկշռում հաշվառվող արտարժութային ակտիվների, պարտավորությունների, արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գծով:
3) Հաշվետվության երրորդ էջը լրացվում է այն արտարժույթների համար, որոնց գծով համախառն ակտիվները կամ համախառն պարտավորությունները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են 500,000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարը: Աղյուսակ 5-ը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն՝
ա. Բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմը ներկայացվում է՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ՝ հաշվարկված տվյալ օրվա Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:
բ․ Բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջները և պարտավորությունները և ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվները ներկայացվում են առանձին, ընդ որում, ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների համար «Այլ արտարժույթ» սյունակում լրացվում են «Ոսկու ISO (ԻՍՕ) 4217 կոդ – Մետաղական հաշիվ» բառերը։ Սույն պարբերությամբ նախատեսված սկզբունքը կիրառվում է նաև այլ մետաղների դեպքում։
Ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկություններ լրացնելիս յուրաքանչյուր արտարժույթի գծով կնքված ածանցյալ գործարքները պետք է ներկայացվեն զուտ տեսքով: Օրինակ՝ եթե կնքվել է 50 ԱՄՆ դոլարի գնման և 100 ԱՄՆ դոլարի վաճառքի ֆորվարդ, ապա տվյալ տողում պետք արտացոլել (-50) ԱՄՆ դոլարը:»։
2) Կանոնակարգի Հավելված 2-ի Ձև թիվ 7 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկուշաբթի օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. սեպտեմբերի 26, ք. Երևան