«Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 22-ը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 174-Ն
04.10.2022
«Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 22-ը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 13.10.2022
Նպատակ ունենալով սահմանել միասնական մոտեցում բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար որոշակի առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչպես նաև սահմանել աուդիտորական ընկերությունների անկախության առավել արդյունավետ չափանիշներ, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածը, 84-րդ հոդվածի 1-ին մասը, 128-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Սահմանել «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 22-ը (այսուհետ՝ Կանոնակարգ)` համաձայն սույն որոշման հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
- Որոշմամբ սահմանված Կանոնակարգի 11-րդ կետով սահմանված պահանջը պետք է ապահովվի 2023 թվականի և դրան հաջորդող տարիների աուդիտի իրականացման համար արտաքին աուդիտորական ընկերության ընտրության ժամանակ, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի։
- Եթե ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում մինչև սույն որոշման ուժի մեջը մտնելը աուդիտորական ընկերության հետ կնքված պայմանագիր, որով սույն որոշման 3-րդ կետի համաձայն 2023 թվականին չի կարող ապահովել Կանոնակարգի 11-րդ կետի պահանջը, ապա այդ պահանջը պետք է ապահովի այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, եթե պայմանագրի ժամկետը քիչ է երեք տարուց։ Եթե սույն կետով սահմանված պայմանագրի ժամկետը գերազանցում է երեք տարին, ապա ֆինանսական կազմակերպությունը Կանոնակարգի 11-րդ կետի պահանջը պետք է ապահովի պայմանագրի կնքման ժամկետից երեք տարի հետո։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում որոշմամբ սահմանված կանոնակարգով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները պետք է անհրաժեշտության դեպքում ապահովեն Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված իրավական ակտերի համապատասխանեցումը Կանոնակարգի պահանջներին։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը» հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի ««Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի ««Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ը հաստատելու մասին» թիվ 41-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը հաստատելու մասին» թիվ 226-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Ներդրումային ֆոնդի և դրա կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի ընտրության կարգը» կանոնակարգ 10/18-ը հաստատելու մասին» թիվ 321-Ն որոշումը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. հոկտեմբերի 10, ք. Երևան