ՀՀ ԿԲ բանբեր (2001թ. 1-ին եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2001 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական միջավայրին բնորոշ էր տնտեսական բարձր ակտիվությունը. գրանցվել են տնտեսական աճի 12.3 % և ՀՆԱ դեֆլյատորի 3.3 % մակարդակներ:
Սղաճը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ կազմել է 2.5 %: Նպատակային ցուցանիշների վրա որոշակիորեն ազդել են նաև նախորդ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշների բավականին ցածր մակարդակները, ինչը նախապես հաշվի էր առնվել դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ըստ ծրագրի կանխատեսումների՝ ակնկալվում էին դրանց հետևյալ հաշվեկշռային մակարդակները. ՀՆԱ իրական աճ՝ 13.7 %, ՀՆԱ դեֆլյատոր՝ 1.4 %, սղաճ՝ 1 % (նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ):
Համախառն առաջարկի և պահանջարկի ակնկալվող միտումները նկատելի եղան արդեն առաջին եռամսյակում: Պահանջարկի տեսանկյունից՝ տնտեսական ակտիվության բարձր տեմպերը պետք է հանգեցնեին ինչպես ներքին պահանջարկի, այնպես էլ զուտ արտահանման ընդլայնման:
Իր հերթին, համախառն առաջարկի կառուցվածքում բարձր տնտեսական աճին առավելագույնս պետք է նպաստեին արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Մասնավորապես, հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերության արտադրանքի իրական ծավալներն աճել են 9.2 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտաքին ապրանքային շրջանառությունը (դոլարային արտահայտությամբ) նվազել է 1.8 %-ով՝ պայմանավորված ներմուծման զգալի կրճատմամբ: