ՀՀ ԿԲ բանբեր (2001թ. 3-րդ եռամսյակ)

Մակրոտնտեսական իրավիճակը 

2001 թվականի 3-րդ եռամսյակի և տարվա առաջին ինն ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները հաստատում են դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում ընկած այն դրույթը, ըստ որի` տնտեսական աճը պայմանավորվելու էր գլխավորապես համախառն պահանջարկի խթանող ազդեցությամբ: Ընդ որում, կարևորվել էր մասնավոր հատվածի դերի ամրապնդումը տնտեսական աճի և զարգացման գործընթացում, ինչը նկատվել էր դեռևս 2000 թվականին:

Ինն ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փաստացի տնտեսական աճը կազմել է 9.9%՝ ծրագրված 7.9%-ի, իսկ ՀՆԱ դեֆլյատորը՝ 103.8%՝ ծրագրված 103.7 %-ի փոխարեն: Արդյունքում, նախորդ տարվա առաջին ինն ամիսներին գրանցված 751.8 մլրդ դրամ ՀՆԱ-ի փոխարեն արտադրվել է 857.5 մլրդ դրամ անվանական ՀՆԱ՝ պայմանավորված անվանական ծախսումների (համախառն պահանջարկի) բարձր մակարդակով:

Մակրոտնտեսական միջավայրի որոշիչ գործոններից են, մասնավորապես, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700 - ամյակի տոնակատարությունների հետ կապված՝ կապիտալի ներհոսքն ու արտաքին պահանջարկը: Համախառն պահանջարկի միտումները էապես պայմանավորվել են նաև դրա ներքին տարրերով, ինչը վկայում է տնտեսական աճի որոշակի ներուժի մասին: Նկատելիորեն ավելացել է մասնավոր հատվածի պահանջարկը և դրա հետ կապված՝ տնտեսական աճի ձևավորման գործում մասնավոր հատվածի դերը:

Այս պայմաններում սղաճի ցուցանիշները առաջին երեք եռամսյակների ընթացքում և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջին արտահայտությամբ համապատասխանաբար կազմել են –0.8% և 3.4%՝ ծրագրված 1.3%-ի և 3.1%-ի փոխարեն: Սղաճի ցուցանիշի բացասական մակարդակը պայմանավորված է դիտարկվող ժամանակահատվածում սպառողական շուկայում սպասվածի համեմատ վառ ընդգծված սեզոնային առանձնահատկություններով: Այդուհանդերձ, դրամավարկային քաղաքականության առումով հունվար – սեպտեմբեր ժամանակաշրջանի կարևորագույն առանձնահատկությունը համախառն պահանջարկի, տնտեսական աճի ու ՀՆԱ դեֆլյատորի մակարդակի՝ ընդհանուր ծրագրային ակնկալիքների իրականացումն է, թեև միևնույն ժամանակ իրականացան և շարունակում են պահպանվել մակրոտնտեսական միջավայրի որոշ ռիսկեր՝ կապված սղաճի ցածր մակարդակի և պետական բյուջեի թերակատարումների հետ: