ՀՀ ԿԲ բանբեր (2002թ. 3-րդ եռամսյակ)

Մակրոտնտեսական իրավիճակը

2002 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մակրոտնտեսական իրավիճակը կտրուկ փոփոխություններ չի կրել. հիմնականում շարունակվել են տնտեսական զարգացման առաջին կիսամյակի միտումները: Տարվա առաջին կեսի արդյունքները ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ 2002 թվականին տնտեսական աճը նախատեսվածից բարձր կլինի: Չնայած այն հանգամանքին, որ ամբողջական պահանջարկը, ըստ ինն ամիսների արդյունքների, ծրագրվածի շրջանակներում էր, տնտեսական աճը կազմել է 11%` ծրագրված 6.9%-ի փոխարեն` պայմանավորված ամբողջական առաջարկի աճով: Տարեսկզբից արձանագրվել է տնտեսական աճի տեմպին մոտ արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների աճի տեմպ:

Հատկանշական է, որ մինչև 2002 թվականը, որպես կանոն, տնտեսական աճի տեմպը գերազանցել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի տեմպը: Արդյունաբերության աճի տեմպերի հարաբերական բարձր մակարդակ գրանցվել է միայն 1999 թվականին: Բնակլիմայական գործոնով պայմանավորված՝  երրորդ եռամսյակում է թողարկվել գյուղատնտեսական մթերքների զգալի մասը, որն իր ազդեցությունն է ունեցել ինչպես տնտեսական աճի արագացման, այնպես էլ սեզոնային դեֆլյացիայի խորացման վրա: Ճյուղային զարգացումների առումով, հարկ է ընդգծել շինարարության ծավալների աննախադեպ աճը, որի զգալի մասը Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին էր: Հունվար –սեպտեմբերին պահանջարկի կառավարման տնտեսական քաղաքականության հիմնական ուղղվածությունը կարելի է որակել որպես առաջարկի բարձր աճի պայմաններումª ոչ μավարար ընդլայնողական:

Ամբողջական առաջարկի՝ ծրագրվածի համեմատ բավականին բարձր աճի պայմաններում իրականացված դրամավարկային քաղաքականությունը հիմնականում ծրագրվածի շրջանակներում էր: Ինչ վերաբերում է հարկաբյուջետային քաղաքականությանը, ապա արտաքին ֆինանսավորման հետաձգումը հանգեցրեց ծախսերի թերակատարման, որը, իր հերթին, խոչընդոտեց ամբողջական պահանջարկի ընդլայնումը: