Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2003թ. 2-րդ կիսամյակ
(2003/2) Մակրոտնտեսական իրավիճակի ամփոփում
Նախորդ տարի գրանցված բարձր` 12.9% տնտեսական աճի պայմաններում 2003 թվականին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսված էր տնտեսական աճի տեմպերի նվազում մինչև 6%, և ամրագրված էր սղաճի՝ տարեվերջի դրությամբ մինչև 3% մակարդակի ապահովում: Ակնկալվում էր նաև ՀՆԱ-ում վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի տեսակարար կշռի կրճատում 0.3 տոկոսային կետով: Մակրոտնտեսական ցուցանիշների փաստացի մակարդակներն էական շեղումներ են ունեցել կանխատեսված մակարդակներից: ՏՆտեսական աճի և սղաճի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 13.9% և 8.6%, իսկ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում աճել է 0.4 տոկոսային կետով: Ընդ որում, տնտեսության գրեթե բոլոր հատվածներում զարգացումները նման շեղումների արձանագրման պատճառ դարձան:
Պետական հատվածում հարկային եկամուտների աճի և արտաքին ֆինանսական հոսքերի նախատեսված ծավալների գրեթե ամբողջովին ստացման պայմաններում ծախսերն աճել են մոտ 12%-ով՝ նպաստելով ներքին պահանջարկի ընդլայնմանը: Արտաքին ֆինանսական հոսքերից թերևս կարելի է առանձնացնել Լինսի հիմնադրամի դրամաշնորհի ծախսումները շինարարության ոլորտում որպես վերջինիս աճին նպաստող էական գործոն: Մասնավոր հատվածում ներքին պահանջարկի ընդլայնմանն առավելապես նպաստել է կապիտալ ներդրումների 39.1% իրական աճը՝ պայմանավորված արտաքին ֆինանսական ներհոսքով, որն իրականացվել է հիմնականում բնակարանային շինարարության ոլորտում (80% աճ): Ինչպես նախորդ տարում, այնպես էլ 2003 թվականին արձանագրված եկամուտների աճի բարձր տեմպերը պայմանավորել են մասնավոր սպառման 8.5% իրական աճը, որն ուղեկցվել է նաև խնայողությունների էական աճով (տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 16.3%՝ նախորդ տարվա 8.9%-ի փոխարեն): Արտաքին հատվածում մակրոտնտեսական զարգացումները մի կողմից խթանել են համախառն պահանջարկի աճը (ներքին պահանջարկի 12.4% իրական աճին զուգահեռ, արտահանումն իրական արտահայտությամբ աճել է 26.7%-ով), մյուս կողմից զսպել դա` ներմուծման նույնպես բարձր (23.5%) իրական աճի արձանագրմամբ: Արդյունքում, վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը խորացել է, վկայելով վերջինիս դեռևս պահպանվող խոցելի լինելու մասին՝ պայմանավորված առավելապես համախառն պահանջարկից ներմուծման հակվածության բարձր աստիճանով: Համախառն առաջարկի 13.9% աճը, կրելով համախառն պահանջարկի վերոնշյալ զարգացումների ազդեցությունը (մասնավորապես շինարարության ոլորտում՝ 40.0% աճ), միաժամանակ ընդլայնվել է արտադրողականության աճի հաշվին: Դա առավելապես արտահայտվել է արդյունաբերության ճյուղում 14.9% աճի գրանցմամբ: Տնտեսական աճի արագացումը 2002 և 2003 թվականներին բնականաբար ենթադրում է իրական ՀՆԱ-ի ճեղքվածքի կրճատում, որը պետք է անդրադառնար նաև սղաճի ցուցանիշի վրա: Այնուհանդերձ վերջինիս՝ տարեվերջի դրությամբ բարձր (8.6%) մակարդակի ձևավորման վրա առավելապես ազդել է միջազգային շուկաներում ցորենի գնի աճը՝ պայմանավորված առաջարկի կրճատմամբ: Ընդհանուր առմամբ հացամթերքի գների ինդեքսն աճել է 31.3%-ով (5.7 տոկոսային կետով)` նպաստելով սղաճի նշված մակարդակի ձևավորմանը:
Մակրոտնտեսական միջավայրի ներկայացված զարգացումների պայմաններում ՀՀ կենտրոնական μանկը փողի առաջարկը կառավարել է տնտեսական ակտիվության մակարդակին համահունչ՝ ձեռնպահ մնալով սղաճի վրա «Հացամթերք» ապրանքախմբի ազդեցությունն ամμողջովին չեզոքացնելուց: Դրամավարկային քաղաքականության նման ընթացքը պայմանավորված էր տնտեսական աճի ակնկալվող μարձր մակարդակի ձևավորմանը չխոչընդոտելու, ինչպես նաև ֆինանսական շուկաներում գնային ցուցանիշների անցանկալի տատանումներ (տոկոսադրույքների աճ և փոխարժեքի զգալի արժեքավորում) թույլ չտալու նկատառումով: Ըստ էության, գների կայունության ապահովումը դիտարկվել է որպես երկարաժամկետ խնդիր այն պայմանով, որ հետագայում «Հացամթերք» ապրանքախմμի գների նվազում կարձանագրվի՝ կապված միջազգային շուկաներում ցորենի առաջարկի նախորդ տարիների մակարդակի վերականգման սպասումների հետ: Դրամային զանգվածի և փողի բազայի միջին տարեկան աճի տեմպերը չունեցան էական շեղումներ ծրագրային մակարդակից և կազմեցին համապատասխանաբար 33.3% և 25.1%: Միաժամանակ, նախորդ տարվա վերջին փողի ագրեգատների խոշորածավալ աճերի պայմաններում ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է դրանց աստիճանաբար կրճատման քաղաքականություն՝ նպաստելով տոկոսադրույքների նվազմանը: