Գնաճը Հայաստանի Հանրապետությունում 2004թ. 1-ին կիսամյակ
Մակրոտնտեսական իրավիճակի ամփոփում
Նախորդ երեք տարիներին արձանագրված իրական ՀՆԱ աճի տեմպերի արագացման միտումները (2001 թ.՝ 9.6%, 2002 թ.՝ 12.9% և 2003 թ.՝ 13.9%), որոնք ինչ-որ չափով կրճատեցին իրական ՀՆԱ-ի պոտենցիալ և փաստացի մակարդակների տարբերությունը, ենթադրում էին 2004 թվականին տնտեսական աճի տեմպերի նվազում, ինչի արդյունքում կիսամյակի համար կանխատեսվել էր վերջինիս 8% մակարդակ՝ տարեկան 7%-ի պայմաններում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի աճը ծրագրվել էր տարվա կտրվածքով մինչև 3%, իսկ կիսամյակի վերջի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ՝ մինչև 5.2%: Նախորդ տարիներին արձանագրված եկամուտների աճի պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը 2004 թվականի համար չփոխեց գնաճի՝ տարեվերջի դրությամբ մինչև 3% ծրագրային մակարդակը՝ նախապատվությունը տալով ձեռք բերված մակրոտնտեսական կայունության և գնաճի ցածր մակարդակի սպասումների պահպանմանը: Առավել ևս, նախորդ տարի սպառողական գների ընդհանուր մակարդակի 8.6% աճի արձանագրումը (հիմնականում պայմանավորված միջազգային շուկաներում ցորենի գնի կտրուկ բարձրացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հացամթերքի գների մոտ 31% աճով), նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը:
2004 թվականի առաջին կիսամյակում գրանցվեց իրական ՀՆԱ-ի 9.2% աճ, իսկ կիսամյակի վերջում, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ՝ սպառողական գների 4.5% աճ: Մակրոտնտեսական այս երկու հիմնական ցուցանիշների վրա տնտեսության տարբեր հատվածներ ունեցել են հետևյալ ազդեցությունը: Հարկաբյուջետային հատվածը կիսամյակի ընթացքում ամբողջական պահանջարկի վրա ունեցել է զսպողական ազդեցություն, որի հիմնական պատճառը ծախսային որոշ հոդվածների գծով առաջացած խնայողություններն են: Վերջինիս հետևանքով, թեև առանց դրամաշնորհների, պետբյուջեի եկամուտներն աճել են 19.7%-ով, ծախսերի մակարդակը՝ ընդամենը 4.3%-ով: Մասնավոր հատվածում շարունակվել են նախորդ տարիներին արձանագրված ծախսումների աճի բարձր տեմպերը՝ գերազանցելով դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումները: Մասնավորապես, բավականին բարձր՝ մոտ 7.5% աճ է գրանցվել մասնավոր հատվածի սպառման ցուցանիշում, որն էլ ուղեկցվել է կապիտալ ներդրումների նույնպես բարձր`15.6% աճի միտումներով:
Ամբողջական առաջարկի ձևավորման գործընթացը որոշ չափով տարբերվել է նախորդ երկու տարիների վարքագծից: Մասնավորապես, արդյունաբերության և շինարարության ճյուղերում նախորդ տարվա աճի բարձր տեմպերը՝ համապատասխանաբար 15.4% և 44.4%, ունեցել են նվազման միտումներ և կազմել 4.5% և 12.1%: Փոխարենը, նախորդ տարվա համեմատ (9.9%) աճի ավելի բարձր տեմպ է գրանցվել ծառայությունների ոլորտում՝ 18.6%, որն էլ էական ազդեցություն է ունեցել իրական ՀՆԱ աճի ձևավորված ցուցանիշում: Հարկ է նշել, որ ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի կառուցվածքային տարրերի վերլուծությունը վկայում է, որ ամբողջական պահանջարկը պայմանավորող գործոններն առավել մեծ ազդեցություն են ունեցել տնտեսական ակտիվության ձևավորված մակարդակի վրա և նույնիսկ որոշ չափով պայմանավորել են ամբողջական առաջարկի կառուցվածքը:
ՀՀ կենտրոնական բանկին 2004 թվականի առաջին կիսամյակում հաջողվել է իրականացնել գնաճի, ինչպես նաև իրացվելիության կառավարման համար ընտրված ռազմավարության սկզբունքները: Մասնավորապես, դրամային զանգվածի և փողի բազայի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) 9.7% և 11.4% աճն ուղեկցվել է տնտեսական աճի կանխատեսված մակարդակի գերազանցմամբ և, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսի՝ կանխատեսվածից 0.7 տոկոսային կետով ավելի ցածր՝ 4.5% աճով: Դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացը նպաստել է նաև տոկոսադրույքների շարունակական նվազեցմանը, ինչի արդյունքում պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման միջին տոկոսադրույքը նվազել է մոտ 4.4 տոկոսային կետով, իսկ ՀՀ ԿԲ ռեպո գործառնությունների տոկոսադրույքը՝ 1 տոկոսային կետով: