«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված` վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 178 Ա
 18.10.2022

«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված` վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Նկարագրական մաս.

«ՄԻՓԵՅ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 19.07.2022թ., 29.08.2022թ., 05.09.2022թ., 05.10.2022թ. և 06.10.2022թ. միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ)՝ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա) ստանալու համար:

Կենտրոնական բանկը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, 18.08.2022 թվականին Ընկերությանն է տրամադրել փաթեթում հայտնաբերված թերությունների վերաբերյալ գրություն և Ընկերությանը տեղեկացրել օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջական և շտկված փաստաթղթեր ներկայացնելու հնարավորության մասին:

Ընկերությունը 29.08.2022թ., 05.09.2022թ., 05.10.2022թ. և 06.10.2022թ. դիմում և նոր փաստաթղթեր է ներկայացրել Լիցենզիա ստանալու նպատակով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի՝ 16.09.2022թ. թիվ 1/466Ա որոշմամբ Ընկերության վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ստանալու հայտի քննության երկամսյա ժամկետը կասեցվել է՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:

Պատճառաբանական մաս

Կենտրոնական բանկը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, հայտնաբերել է, որ Ընկերության կողմից ներկայացվել են անարժանահավատ տեղեկություններ, ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, Ընկերությունը չի կարող ապահովել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համապատասխանությունն իր աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգին կամ պայմաններին, ինչպես նաև Ընկերության գործունեության ծրագրային համակարգը չի համապատասխանում սահմանված պահանջներին, մասնավորապես.

  • տնտեսական ծրագրում ներկայացված հաշվարկները արժանահավատ չեն,
  • ղեկավարների, մասնակիցների և վերջինների հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ հավելվածները լրացված են թերություններով, առկա է բացակայող տեղեկատվություն,
  • ներկայացված չէ մասնակցի դատվածություն չունենալու վերաբերյալ գրավոր հայտարարությունը,
  • Համաձայն Ընկերության կողմից ներկայացված աշխատանքի կանոնակարգի՝ Ընկերության կողմից հավաքագրված դրամական միջոցները փոխանցվում են շահառուների բանկային հաշիվներին՝ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրում նշված ժամկետներում: Իսկ շահառուների բանկային հաշիվներին կատարված փոխանցումների վերաբերյալ վերջնահաշվարկները և փոխադարձ հաշվարկների ակտերը կատարվում են յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո առաջին աշխատանքային օրը: Ըստ ներկայացված գործընթացի՝ Ընկերության կողմից շահառուների բանկային հաշիվներին համապատասխան դրամական միջոցները արտացոլվելու են ոչ թե սպառողների կողմից իրականացված վճարումների կատարման օրը, այլ 3-30 օրերի ընթացքում` ըստ էության չապահովելով անկանխիկ վճարումների տրամաբանությունից բխող վճարումների իրականացումը:
  • Բացակայում են ծրագրային ապահովման վերաբերյալ հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները:

Եզրափակիչ մաս.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով և 20.1 հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «դ» և «զ» կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված  «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 19-րդ կետով, 55-րդ  կետով,

հաշվի առնելով, որ «ՄԻՓԵՅ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 19.07.2022թ., 29.08.2022թ., 05.09.2022թ., 05.10.2022թ. և 06.10.2022թ. միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 42 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Մերժել «ՄԻՓԵՅ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված` վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ստանալու հայտը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԻՓԵՅ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
  3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Հովհաննես Խաչատրյան

2022 թ. հոկտեմբերի 19, ք. Երևան