«ՊրոՖիԹեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիաներ ստանալու հայտը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 118 Ա
12.07.2022
«ՊրոՖիԹեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաներ ստանալու հայտը մերժելու մասին
Նկարագրական մաս.
«ՊրոՖիԹեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 22.10.2021թ., 29.11.2021թ., 07.12.2021թ., 17.12.2021թ., 29.12.2021թ., 03.01.2022թ., 21.01.2022թ., 15.02.2022թ., 06.04.2022թ., 13.04.2022թ., 17.05.2022թ. և 24.05.2022թ. միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ)՝ դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաներ (այսուհետ՝ Լիցենզիա) ստանալու համար:
Կենտրոնական բանկը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, 22.11.2021 թվականին Ընկերությանն է տրամադրել փաթեթում հայտնաբերված թերությունների վերաբերյալ գրություն և Ընկերությանը տեղեկացրել օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջական և շտկված փաստաթղթեր ներկայացնելու հնարավորության մասին:
Ընկերությունը 13.04.2022 թվականին դիմում և փաստաթղթեր է ներկայացրել Լիցենզիա ստանալու նպատակով:
ՀՀ ԿԲ նախագահի 10.06.2022թ. թիվ 1/25 ԾՕՀ Ա որոշմամբ Ընկերության դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաներ տրամադրելու երկամսյա ժամկետը կասեցվել է՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
Պատճառաբանական մաս
Կենտրոնական բանկը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, հայտնաբերել է, որ Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն և հակասում են ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, Ընկերությունը չի կարող ապահովել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համապատասխանությունն իր աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգին կամ պայմաններին, ինչպես նաև Ընկերության գործունեության ծրագրային համակարգը չի համապատասխանում սահմանված պահանջներին, մասնավորապես՝
- Ընկերության «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կարգը չի համապատասխանում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին,
- Ընկերությունը ծառայություններ է մատուցելու բարձր ռիսկի չափանիշ ունեցող սուբյեկտներին՝ չունենալով համապատասխան գործիքակազմ և ընթացակարգ վերջիններիս ռիսկերի արդյունավետ կառավարման համար,
- Ընկերությունը իր կողմից շահագործվող պրոցեսինգային ծրագրային համակարգերի մշակումը պատվիրակել է այլ անձի, և առկա չեն համակարգի տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Եզրափակիչ մաս.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով և 20.1 հոդվածի 1-ին մասի «բ», «դ» և «զ» կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 19-րդ կետով, 55.1 կետի 3-րդ ենթակետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով,
հաշվի առնելով, որ «ՊրոՖիԹեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 22.10.2021թ., 29.11.2021թ., 07.12.2021թ., 17.12.2021թ., 29.12.2021թ., 03.01.2022թ., 21.01.2022թ., 15.02.2022թ., 06.04.2022թ., 13.04.2022թ., 17.05.2022թ. և 24.05.2022թ. միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հուլիսի 8-ի թիվ 28 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել «ՊրոՖիԹեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դրամական (փողային) փոխանցումների իրականացման և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաներ ստանալու հայտը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊրոՖիԹեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
- Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. հուլիսի 12, ք. Երևան