«Մասնակի ճշգրտման մեխանիզմով» մոդելի միջոցով փողի նկատմամբ պահանջարկի գնահատումը ՀՀ-ում

ԱՓ 08/02-09

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկ

Աշխատանքային Փաստաթուղթ
 Դրամավարկային Քաղաքականության Վարչություն

«Մասնակի ճշգրտման մեխանիզմով» մոդելի միջոցով փողի նկատմամբ պահանջարկի գնահատումը ՀՀ-ում
 Տիգրան Պողոսյան

Ներածություն

Փողի նկատմամբ տնտեսությունում առկա պահանջարկի գնահատումը, նրա վրա ազդող հիմնական գործոնների բացահայտումն ու վերլուծությունը ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացման կարևորագույն նախապայմաններից է: Փողի առաջարկը կառավարող ԿԲ-ի համար չափազանց կարևոր նշանակություն ունի գնահատել ժամանակի տվյալ պահի դրությամբ տնտեսությունում փողի նկատմամբ ձևավորված պահանջարկը և պահանջարկին համահունչ չափերով տնտեսություն իրացվելիություն ներարկելու միջոցով ապահովել դրամական շուկայի ընդհանուր հաշվեկշռվածությունը, գների կայունությունը, տնտեսությունում համախառն պահանջարկի կտրուկ տատանումների և ֆինանսական շուկայում ցնցումների առաջացման պայմաններում վերականգնել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը: Ի վերջո, տնտեսությունում փողի նկատմամբ պահանջարկի կայուն ֆունկցիայի առկայությունը ԿԲ համար կանխատեսելի է դարձնում իր կողմից կառավարվող դրամական առաջարկի ազդեցությունը տոկոսադրույքների, համախառն թողարկման և ԿԲ վերջնական նպատակի՝ գների մակարդակի վրա: