Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը ՀՀ-ում
ԱՓ 08/02-06
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը ՀՀ-ում
Վահրամ Ջանվելյան
Ներածություն
Բոլոր զարգացող և զարգացած երկրներում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման միջոցով ամբողջական պահանջարկի արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով կառուցվում են հատուկ մոդելներ, ընդ որում այդ մոդելներում որպես քաղաքականությունների կոորդինացման հիմնական գործիք է դիտարկվում տոկոսադրույքը: ՀՀ-ում տոկոսադրույքների կիրառումը քաղաքականությունների կոորդինացման նպատակով անհնար է դառնում երկու հիմնական պատճառներով՝ ՀՀ-ում ցածր է դրամի և ինվեստիցիաների պահանջարկի զգայունությունը տոկոսադրույքների նկատմամբ: Այս պարագայում տոկոսադրույքների միջոցով ամբողջական պահանջարկի վրա ազդելու և այդ նպատակով քաղաքականությունները կոորդինացնելու անհրաժեշտություն չի առաջանում, ՀՀ պետական պարտքի կառուցվածքում գերակշիռ մասը կազմում են արտոնյալ, ոչ շուկայական տոկոսադրույքներով արտաքին վարկերը, որի հետևանքով տոկոադրույքների միջոցով արտաքին պարտքի համատեղ կառավարման խնդիր ևս չկա:
Ներկայումս ՀՀ-ում քաղաքականությունների կոորդինացման առկա խնդիրները, ինչպես վերը նշվեց, ավելի շատ կարճաժամկետ բնույթ ունեն: Այդպիսի խնդիրներից մեկը կապված է բյուջեի արտաքին արտարժութային մուտքերի (արտաքին վարկեր, դրամաշնորհներ, սեփականաշնորհման միջոցներ) ստացման և ծախսման հետ: Խնդիրը առավել հանգամանալից կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ ստացված արտարժութային միջոցները փոխարկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից՝ մեծացնելով ԿԲ-ի ԶԱԱ-ն, փոխարկված միջոցների հաշվին կարճ ժամկետներում կատարվում են մեծածավալ ծախսեր: ԿԲ-ը փողի բազան ծրագրված մակարդակում և տատանումների թույլատրելի միջակայքում պահելու համար հիմնականում արտարժութային ինտերվենցիաների միջոցով ներքաշում է այդ ճանապարհով ներարկված իրացվելիության մի մասը, ինչը կարճ ժամանակահատվածում հանգեցնում է դրամի արժեքավորման: Տեսականորեն, սակայն, դրամի առաջարկի ավելացումը կարճաժամկետ հատվածում պետք է հանգեցներ դրամի արժեզրկման: