Հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը
ԱՓ 08/02-05
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը
Վարդան Արամյան
Ներածություն
Վերջին տարիներին ավելի հրատապ է դառնում հարկաբյուջետային քաղաքականության կայունության հարցը: Հարկաբյուջետային քաղաքականությունը կայուն չէ, երբ ներկա և սպասվող քաղաքականության արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի գործակիցը մշտապես և կտրուկ աճում է: Հետևաբար, կայունությունը բնորոշվում է պարտք/ՀՆԱ գործակցի մեծությամμ և աճի տեմպերով: Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ գործակցի մշտապես բարձր մակարդակը ծախսատար է, քանի որ վերջինս, ազդելով իրական տոկոսադրույքի վրա ավելացնում է դեֆիցիտի մեջ պարտքի սպասարկման մեծությունը՝ դրանով իսկ նվազեցնելով հարկաբյուջետային քաղաքականության ճկունությունը: Դա ազդում է նաև Ֆինանսական շուկաների սպասումների վրա, քանի որ նրանք հասկանում են, որ ներկայացվող հարկաբյուջետային քաղաքականությունը վստահելի չէ և պետք է վերանայվի: Փոխված սպասումները խոչընդոտում են կառավարության կողմից արժեթղթերի տեղաբաշխմանը: Փաստորեն շուկան հասկանում է , որ ինչքան ավելի բարձր լինի պարտք/ՀՆԱ գործակիցը, այնքան ավելի մեծ դժվարությամբ կառավարությունը կապահովի բյուջետային սահմանափակումը բարձր առաջնային ավելցուկների միջոցով, այսինքն ավելի մեծ կլինի դեֆիցիտի մոնետարիզացիայի, պարտքից հրաժարվելու կամ վերաձևակերպելու ռիսկը:
Վերը ասվածից հետևում է, որ կայուն կոչվելու համար հարկաբյուջետային քաղաքականությունը չպետք է հանգեցնի պարտք/ՀՆԱ գործակցի աճին: Այդ գործակիցը պետք է լինի կայուն, խելամիտ՝ աճի տեմպի, տոկոսադրույքների և սղաճի պայմաններում: