Հարկային համակարգի ազդեցությունը ստվերային տնտեսության վրա
ԱՓ 08/04-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Հարկային համակարգի ազդեցությունը ստվերային տնտեսության վրա
Մարիաննա Խաչատրյան, Անդրանիկ Մամիկոնյան
Ներածություն
Ստվերային տնտեսության վրա հարկային համակարգի ազդեցության խնդիրը բավականին համընդգրկուն է, հետևաբար կարող են բազմաթիվ մոտեցումներ կիրառվել դրա վերլուծության համար: Ցանկացած դեպքում, որևէ վերլուծություն չի կարող պատասխանել այս խնդրին առնչվող բոլոր հարցերին: Նյութի հիմնական նպատակն է. սահմանել այն փոփոխականները, որոնց ընտրությունը հավասարակշռության վիճակ է ձևավորում ստվերային տնտեսության որոշակի մակարդակների համար և որոշել Կառավարության կողմից կառավարվող այն գործոնները, որոնք հարկատուների համար ավելի գրավիչ կդարձնեն տնտեսության ստվերային հատվածից պաշտոնականին անցնելը:
Վերլուծության մեջ ստվերային տնտեսության վրա հարկային համակարգի ազդեցության գնահատումը կատարվել է տեսական մոդելի ձևավորման միջոցով, որի հիմքում թերզարգացման թակարդների ժամանակակից տեսությունն է (Modern theory of underdevelopment traps): Ներկայացվող մոդելում տնտեսավարող սուբյեկտների տնտեսական որոշումները ազդում են նրանց քաղաքական դիրքորոշման վրա, այսինքն՝ հարկատուների՝ հարկեր վճարելու կամ հարկերից խուսափելու ընտրությունը ազդում է բարեփոխումներին կողմ կամ դեմ լինելու ընտրության վրա: Եթե բավարար թվով տնտեսավարող սուբյեկտներ չպահանջեն բարեփոխումներ, ապա այդ բարեփոխումների իրականացման հավանականությունը կփոքրանա, որն իր հերթին կնվազեցնի մնացած տնտեսավարող սուբյեկտների հարկային պարտավորությունները կատարելու շարժառիթները և կազդի նրանց քաղաքական դիրքորոշման վրա: Հարկեր վճարող առանձին տնտեսավարող սուբյեկտի եկամուտը կարող է աճել՝ հարկերը վճարող այլ տնտեսավարող սուբյեկտների քանակից կախված: Այսինքն, եթե հարկատուների գերակշիռ մասը վճարում է հարկերը, ապա ամեն մի հարկատուի ձեռնտու է կատարել իր հարկային պարտավորությունները, իսկ եթե մեծամասնությունը փորձում է խուսափել հարկերից, ապա հարկատուին ձեռնտու է իր հարկային պարտավորություններից խուսափելը: Արդյունքում՝ կարող են առաջանալ ցածր և բարձր մակարդակների հավասարակշռություններ, և պարտադիր չէ, որ շուկայական ուժերը տանեն վատ հավասարակշռությունից ավելի լավ հավասարակշռության: Նյութի առաջին մասում ներկայացված են ստվերային տնտեսության վրա հարկային համակարգի ազդեցության վերաբերյալ առկա տեսամեթոդաμանական մոտեցումները, երկրորդ մասում՝ մոդելը, ըստ որի՝ քննարկվում են Հայաստանում ստվերային տնտեսության ձևավորման և դրա աճի վրա ազդող գործոնները: Վերջում ամփոփվում են վերլուծության արդյունքները: