Աշխատավարձի, արտադրության և գների փոփոխությունները միջազգային առևտրի պայմաններում
ԱՓ 08/03-07
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Աշխատավարձի, արտադրության և գների փոփոխությունները միջազգային առևտրի պայմաններում
Հարություն Սարգսյան, Աշոտ Մկրտչյան
Ներածություն
Ներկայացվող մոդելը հիմնականում անդրադառնում է մեր երկրի և արտերկրի արտադրողականության և աշխատավարձի համեմատական մակարդակների և դրանց հնարավոր փոփոխությունների արդյունքում ձևավորվող արտադրության ծավալների և գների մակարդակների փոփոխություններին: Քանի որ դրանով որոշվում են արտադրության ծավալների և գների մակարդակները, ապա այն հանդիսանում է համախառն առաջարկի և համախառն պահանջարկի մոդել: Սակայն միջազգային առևտրում համեմատական առավելությունների սկզբունքի ներմուծումը արտադրության ծավալների որոշման գործընթացում վերոնշյալ ցուցանիշների փոփոխման պարագայում էապես կարևորում է արտերկրի նույն ցուցանիշների մակարդակների և դրանց հնարավոր փոփոխությունների ազդեցությունը: Ըստ էության, արտադրության ծավալների և գների ձևավորման գործընթացում առաջանում են լուրջ սահմանափակումներ. պայմանավորված Հայաստանի Հանրապետության տնտեսության փոքր չափերով՝ էական է դառնում արտերկրից կախվածության աստիճանը:
Ենթադրենք՝ արտադրվում են միայն արտահանվող ապրանքներ, և համեմատական առավելությունների սկզբունքով որոշվում են այն ապրանքները, որոնք պետք է արտադրվեն տվյալ երկրում: Ընդ որում, այդ ապրանքները միաժամանակ և՛ սպառվում են տվյալ երկրում, և՛ արտահանվում: Մոդելի առանձնահատկություններից է ''homothetic'' պահանջարկի առկայության հիմնավորումը, որը ենթադրում է, որ տվյալ երկրում արտադրված ապրանքների նկատմամբ պահանջարկ է ներկայացվում եկամուտների այն մասով, որքան այդ ապրանքների կշիռն է ողջ ապրանքների շարքում (ապրանքները դասավորված են [0,1] միջակայքում):
Մոդելը, բացի արտադրության ծավալների և գների մակարդակների որոշման գործընթացից, անդրադառնում է նաև իրական աշխատավարձի և առևտրի պայմանների (արտահանման և ներմուծման գների հարաբերություն) փոփոխություններին: Առաջինը դիտարկվում է ընդհանուր կենսամակարդակի, իսկ երկրորդը՝ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի հնարավոր փոփոխությունների տեսանկյունից: Ընդ որում, առևտրի պայմանների փոփոխությունները, որոնք ազդում են ապրանքների սպառման վրա, սրանք էլ իրենց հերթին՝ արտադրության վրա, մակրոտնտեսական ցնցումների փոխանցման հիմնական ուղին են:
Աշխատուժի և արտադրողականության փոփոխությունները այն հիմնական գործոններն են, որոնք մոդելում որոշ առումով հանդիսանում են արտածին ցուցանիշներ: Վերջիններիս ազդեցությամμ էլ քննարկվում են մնացած փոփոխականների՝ աշխատավարձի, արտադրության ծավալների և առևտրի պայմանների փոփոխությունները:
Մասնավորապես, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ-ն հայտնվեց այնպիսի իրավիճակում, որում մակրոտնտեսական միջավայրը բնութագրվում էր բարձր գործազրկությամբ, համախառն առաջարկի կտրուկ կրճատմամբ, ցածր արտադրողականությամբ, վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդով: Արտադրության փլուզման արդյունքում առաջացավ գործազուրկների ստվար զանգված, ինչի հետևանքով խախտվեց աշխատուժի շուկայի հավասարակշռությունը (աշխատուժի առաջարկը կտրուկ աճեց աշխատուժի պահանջարկի նվազման պայմաններում)՝ էական ազդեցություն ունենալով ինչպես իրական աշխատավարձի զգալի նվազման, այնպես էլ առևտրի պայմանների կտրուկ վատացման վրա: Աշխատավարձի կտրուկ նվազման պայմաններում Հայաստանում ապրանքների արտադրության գծով ձեռք բերվեց ծախսային առավելություն, և նկատվեց արտադրության աճ, իսկ աշխատուժի արտահոսքը պատճառ դարձավ իրական աշխատավարձի աստիճանական աճի և առևտրի պայմանների բարելավման:
Համեմատական առավելությունների սկզբունքի տեսանկյունից աշխատավարձի շարունակական աճի պայմաններում թեև որոշ չափով զսպվեց արտադրության ընդլայնումը, այնուհանդերձ շարունակվեց գրանցվել արտադրության ծավալների աճ, քանի որ արտադրողականության աճը զգալիորեն գերազանցեց աշխատավարձի աճը:
Վերջին տարիներին ձևավորվեց կայուն մակրոտնտեսական միջավայր, որը շարունակելով նպաստել արտադրության և արտադրողականության աճին, հանգեցրեց երկրի ներսում ներմուծման փոխարինիչների արտադրության աճին: Վերջինն էլ, ըստ ներկայացվող մոդելի, պատճառ հանդիսացավ սղաճի ցածր մակարդակի և նույնիսկ դեֆլյացիոն միջավայրի ձևավորման:
Այնուհանդերձ Հայաստանի Հանրապետության և արտերկրի արտադրողականությունների միջև ճեղքվածքը բավականին մեծ է, որի հետևանքով մեր երկիրն արտաքին մրցունակությունը շարունակում է պահպանել ցածր աշխատավարձի հաշվին: Այնուհետև մոդելում, որպես գների վրա ազդող գործոն, ներմուծվում է նաև տրանսպորտային ծախսերի պայմանը: Նույն ապրանքն արտադրվում է և՛ տվյալ երկրում, և՛ արտերկրում, որի արդյունքում առաջ են գալիս արտահանվող և չարտահանվող ապրանքներ: Ընդ որում, եթե նախորդ դեպքում գների ընդհանուր մակարդակները տարբեր երկրներում հավասար են, ապա չարտահանվող ապրանքները դառնում են գների մակարդակների տարբերության հիմնական պատճառը:
Մոդելը Հայաստանում հիմնականում կիրառվել է սպառողական գների փոփոխության վարքագծի գնահատումների համար, որի դեպքում որոշիչ փոփոխականներ են դարձել ՀՆԱ-ում արտահանման և ներմուծման տեսակարար կշիռների ցուցանիշները: Այս եզրահանգումը, որը ստացվել է արտադրության ոլորտում երկրների համեմատական առավելությունների սկզբունքի վրա հիմնված առաջարկի և պահանջարկի հավասարումների կիրառման միջոցով հարաբերական գների որոշման ժամանակ, հաստատվել է ռեգրեսիոն վերլուծության միջոցով: Իրականացվել են նաև Հայաստանում սպառողական գների 2003 թվականի կանխատեսումներ:
Վերջում ներկայացվում է տարբեր երկրների միջև արտադրողականության, աշխատավարձի և գների մակարդակների, ինչպես նաև գների մակարդակի կանխատեսումների համար առաջարկվող մոտեցման համեմատական վերլուծություն, որը նույնպես որոշ առումով հիմնավորում է մոդելի շուրջ դատողությունները: