Արտարժութային ածանցյալներ
ԱՓ 08/03-05
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Արտարժութային ածանցյալներ
Մարգարիտա Մամիկոնյան
Սեղմագիր
Ածանցյալները, սկսած համեմատաբար պարզ ֆորվարդային պայմանագրերից մինչև բավականին բարդ օպցիոնները, ներկայումս միջազգային ֆինանսական շուկայի կարևորագույն գործիքներից են և այդ շուկաների զարգացմանը և կայունացմանը զուգընթաց դրանց ծավալներն ակնհայտորեն աճում են: Ֆինանսական ածանցյալների արժենշման համար անհրաժեշտ է ունենալ ածանցյալի հիմքում ընկած ակտիվի զարգացած շուկա, այդ իսկ պատճառով վերոնշյալ բոլոր տարատեսակներից նյութում քննարկվում են ՀՀ-ում առավել կիրառելի (հնարավոր) արտարժութային ածանցյալները: Կատարված աշխատանքում համառոտակիորեն շարադրվել են միջազգային պրակտիկայում արտարժութային ածանցյալների տեսակները և դրանց կիրառման տեխնիկան, ներառյալ գնագոյացումը և արժեքավորումը, ներկայացվել է ածանցյալների շուկայի մասնակիցների վարքագիծը:
Աշխատանքը առաջին հերթին նպատակաուղղված է ՀՀ արժութային դիլերների և նրանց գործունեությանն առնչվող գերատեսչությունների մասնագետների համար: Հուսով ենք, այն արժութային դիլերների առջև կբացի իրենց գործունեության ընդլայնման և ռիսկի կառավարման նոր հնարավորություններ, հնարավորություն կտա ստանձնել նոր պարտավորություններ և ուղեցույց կհանդիսանա հետագայում այս խնդրի մեջ խորանալու և այս հարցին առնչվող նոր, ընդարձակ գրականություն ուսումնասիրելու: Այն կարող է օգտակար լինել նաև այս ոլորտում զգալի փորձ ունեցող այն դիլերների համար, ովքեր տնտեսության և շուկաների զարգացմանը զուգընթաց բախվում են նոր հիմնախնդիրների:
Մենք փորձել ենք Ձեռնարկը ներկայացնել հնարավորինս ամբողջական տեսքով, սակայն դրա զարգացմանն ուղղված մասնագիտական տեսանկյունից արվող բոլոր դիտողություններն ու առաջարկությունները կողջունվեն աշխատանքային խմբի կողմից: