Ավանդների վրա հենված բանկային համակարգը դոլարայնացված տնտեսությունում. ժամկետայնության փոխակերպումը և տոկոսադրույքային ռիսկը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Ավանդների վրա հենված բանկային համակարգը դոլարայնացված տնտեսությունում

Ժամկետայնության փոխակերպումը և տոկոսադրույքային ռիսկը Հայաստանում

Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2026-04

Անահիտ Եսայան, Ալեքսանդր Շիրխանյան

Համառոտագիր

Բանկերը երկարաժամկետ ակտիվները հաճախ ֆինանսավորում են կարճաժամկետ պարտավորություններով՝ իրականացնելով ժամկետայնության փոխակերպում։ Սա առաջացնում է ակտիվների և պարտավորությունների ժամկետայնությունների անհամապատասխանություն և կարող է մեծացնել տոկոսադրույքային ռիսկը։ Բարձր դոլարայնացված տնտեսություններում առանձնահատուկ նշանակություն ունի նաև բանկերի հաշվեկշիռների արժութային կառուցվածքը։ Այս ուսումնասիրությունում, օգտագործելով Հայաստանի առևտրային բանկերի 2014–2024 թվականների եռամսյակային տվյալները, մենք վերլուծում ենք, թե ինչպես են բանկերը կառավարում տոկոսադրույքային ռիսկը ժամկետայնության փոխակերպման պայմաններում։ Արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բանկային համակարգում առկա է ակտիվների և պարտավորությունների ժամկետայնությունների զգալի անհամապատասխանություն՝ տևողությունների միջին տարբերությունը կազմում է շուրջ 2 տարի։ Չնայած այս անհամապատասխանությանը՝ զուտ տոկոսային մարժաները ՀՀ ԿԲ քաղաքականության տոկոսադրույքի փոփոխությունների նկատմամբ չեն ցուցաբերում էական զգայունություն։ Սա համահունչ է այն դիտարկմանը, որ բանկերի տոկոսային եկամուտներն ու ծախսերը փոփոխվում են համադրելի կերպով՝ արտացոլելով փաստացի տոկոսային հոսքերի զգայունությունների համադրումը։ Այս համադրումն առավել ուժեղ է դրամային դիրքերի դեպքում, մինչդեռ արտարժութային դիրքերում այն զգալիորեն ավելի թույլ է։ Արդյունքներն ընդգծում են բանկերի հաշվեկշիռների արժութային կառուցվածքի կարևորությունը բարձր դոլարայնացված տնտեսությունում տոկոսադրույքային ռիսկի վերլուծության համար։