Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
2026 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:
COP17. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված հուշադրամ
Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
Կոնվենցիայի շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը՝ Կողմերի համաժողովը կամ COP-ը (Conference of Parties), երկու տարին մեկ հրավիրում է 196 անդամ երկրների, որոնք միասին մշակում են կիրարկման մեխանիզմներ ու ապահովում դրանց իրականացումը:
Հայաստանը 2026 թվին հյուրընկալում է COP17-ը և մինչև 2028 թիվը ստանձնում կոնվենցիայի նախագահությունը՝ հանձնառելով մեկտեղել մարդկության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին դիմագրավելու միջազգային ջանքերը։
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
Դիմերես` ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը:
Դարձերես` COP17-ի պատկերանիշը՝ ոճավորված երևանյան կապտաթիթեռի տեսքով, «COP17, YEREVAN, ARMENIA», «TAKING ACTION FOR NATURE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ») մակագրությունները:
Էսքիզների հեղինակ՝ Աննա Կուրղինյան:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
| Անվանական արժեքը | 1000 դրամ |
| Մետաղը/հարգը | արծաթ 925 |
| Քաշը | 33,6 գ |
| Տրամագիծը | 40,0 մմ |
| Որակը | պրուֆ |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Թողարկման քանակը | 300 հատ |
«COP17» հուշադրամը, հավաստագիրը և տեղեկատվական գրքույկը պատրաստված են վերամշակված նյութերից: