Ամփոփիչ հանդիպում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են առաքելության այցի հիմնական արդյունքները՝ անդրադառնալով մակրոտնտեսական իրավիճակին, առկա մարտահրավերներին և առաջիկա ժամանակահատվածի քաղաքականության ուղղություններին։

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի շրջանակում սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին՝ ընդգծելով ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանն ուղղված բարեփոխումների շարունակականությունը։

Ամփոփելով՝ կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ տնտեսական կայունության և ֆինանսական համակարգի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։