ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը մասնակցել է Պապուա Նոր Գվինեայում անցկացված AFI-ի Գլոբալ քաղաքականության ֆորումին

ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը մասնակցել է Ֆինանսական ներառման դաշինքի (Alliance for Financial Inclusion, AFI) 2026 թվականի Գլոբալ քաղաքականության ֆորումին (Global Policy Forum, GPF), որն անցկացվել է սեպտեմբերի 1-4-ը Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիում։

AFI-ի Գլոբալ քաղաքականության ֆորումը ֆինանսական ներառման ոլորտում աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերի, ֆինանսական կարգավորող մարմինների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացվող ամենամյա կարևորագույն միջազգային հարթակներից է։ 2026 թվականի ֆորումն անցկացվել է «Դիմակայուն տնտեսություններ, ներառական ապագա» («Resilient Economies, Inclusive Future») խորագրի ներքո։

Ֆորումի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանի ղեկավարությամբ մասնակցել է AFI-ի 11-րդ տարեկան ընդհանուր ժողովին (Annual General Meeting), AFI-ի տարածաշրջանային նախաձեռնության հանդիպմանը, ինչպես նաև Դաշինքի աշխատանքային խմբերի նիստերին։

Տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվել են AFI-ի գործունեության և ռազմավարական առաջնահերթությունների, անդամ երկրների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև ֆինանսական ներառման ոլորտում քաղաքականությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը մասնակցել է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական նախաձեռնության (Eastern Europe and Central Asia Policy Initiative, ECAPI) շրջանակում անցկացված քննարկումներին։ Տարածաշրջանի անդամ երկրների ներկայացուցիչները փոխանակվել են ֆինանսական ներառման ոլորտում իրենց փորձով, ներկայացրել իրականացվող քաղաքականություններն ու նախաձեռնությունները և քննարկել տարածաշրջանային համագործակցության հետագա ուղղությունները։

Ֆորումի շրջանակում անցկացվել են նաև AFI-ի յոթ աշխատանքային խմբերի նիստերը, որոնք ընդգրկել են սպառողների զորակցման և շուկայական վարվելակերպի, թվային ֆինանսական ծառայությունների, ֆինանսական ներառման տվյալների և ազդեցության գնահատման, ֆինանսական ներառման ռազմավարությունների, համաշխարհային ստանդարտների համաչափության, ներառական կանաչ ֆինանսների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման թեմաները։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը ֆորումի շրջանակում մասնակցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումների և բարձրաստիճան ղեկավարների համար նախատեսված կլոր սեղան-քննարկումների։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական ներառման առաջնահերթ ուղղություններին, այդ թվում՝ գենդերային ներառական ֆինանսավորմանը (Gender-Inclusive Finance), ներառական կանաչ ֆինանսավորմանը (Inclusive Green Finance), թվային ֆինանսական ծառայություններին, սպառողների պաշտպանությանը և ֆինանսական համակարգի դիմակայունության ամրապնդմանը։

Ֆորումի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ, Սպառողների զորակցման և շուկայական վարվելակերպի աշխատանքային խմբի (CEMCWG) համանախագահ Ռոբերտ Տեր-Մեսրոպյանը վարել է «Fraud and Scams Mitigation: Building a Resilient and Well-Protected Financial Consumer» խորագրով քննարկումը՝ նվիրված ֆինանսական խարդախությունների և խարդախության սխեմաների կանխարգելման, սպառողների պաշտպանության և ֆինանսական կրթության միջև կապի ամրապնդմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խարդախությունների կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատմանը, հանրության իրազեկվածության բարձրացմանը և AFI անդամ երկրների միջև փորձի փոխանակմանը։

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ, Ներառական կանաչ ֆինանսների աշխատանքային խմբի (IGFWG) անդամ Մարիամ Եղիազարյանը հանդես է եկել ելույթներով «Strengthening Financial Stability through an Inclusive Green Transition» և «Sustainable Finance Strategies and Roadmaps – Moving from Frameworks to Implementation» թեմաներով՝ անդրադառնալով անցումային ռիսկերի կառավարմանը, ներառական կանաչ անցմանը, ինչպես նաև կայուն ֆինանսավորման ռազմավարությունների և ճանապարհային քարտեզների գործնական իրականացմանը։

Ֆորումի փակման արարողության ընթացքում հայտարարվել է, որ 2027 թվականի AFI Գլոբալ քաղաքականության ֆորումը կհյուրընկալի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հնարավորություն ստեղծելով Երևանում մեկ հարկի տակ համախմբելու ֆինանսական ներառման ոլորտի առաջատար քաղաքականություն մշակողներին և փորձագետներին, ներկայացնելու Հայաստանի փորձն ու ձեռքբերումները և շարունակելու միջազգային երկխոսությունը՝ ուղղված առավել ներառական, դիմակայուն և հասանելի ֆինանսական համակարգերի ձևավորմանը։