Հայաստանում ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցմանն աջակցող վերլուծական շրջանակ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Հայաստանում ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցմանն աջակցող վերլուծական շրջանակ
Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2026-03
Անի Ասոյան, Ջարեդ Լաքսթոն
Համառոտագիր
Համավարակից ի վեր համաշխարհային տնտեսական միջավայրը բնութագրվել է իրար հաջորդող ցնցումներով պայմանավորված բարձր անորոշությամբ։ Այս պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականին ներդրել է գների կայունության ապահովման նպատակով ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը (Prudent Risk Management Approach to Price Stability, PRMAPS), որը հնարավորություն է տալիս առավել լիարժեք հաշվի առնել անորոշություններն ու ոչ գծային զարգացումները՝ դրամավարկային քաղաքականության մշակումը դիտարկելով որպես ռիսկերի կառավարման գործընթաց։ PRMAPS-ը մի շարք բարելավումներ ունի գործող հիմնակարգի նկատմամբ, այդ թվում՝ բարձր անորոշության պայմաններում քաղաքականության ուղղորդումը, էքստրեմալ ռիսկերի աճող կարևորությունը, ինչպես նաև կենտրոնական բանկի վստահելիության դերը՝ սպասումների ձևավորման և դրամավարկային քաղաքականության արդյունավետության տեսանկյունից։
Համակարգի կիրառմանն աջակցելու նպատակով ներկայացվում է ներածին վստահելիության (EndoCred) մոդելը՝ որպես սցենարային վերլուծության հիմնական գործիքային մոդել։ Հենվելով դասական եռամսյակային կանխատեսումների մոդելի (QPM) վրա՝ EndoCred-ն ընդլայնում է ավանդական հիմնակարգը՝ ներառելով դրամավարկային քաղաքականության էնդոգեն վստահելիությունը, գնաճի ոչ գծային դինամիկան և քաղաքականության փոխանցման առավել հարուստ մեխանիզմներ, այդ թվում՝ երկարաժամկետ տոկոսադրույքների դերը, ինչպես նաև վստահելիությամբ պայմանավորված ռիսկի հավելավճարի և դոլարայնացման ազդեցությունները, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն փոքր բաց տնտեսությունների համար։ Թույլ տալով, որ վստահելիությունը փոփոխվի քաղաքականության արդյունքներին համապատասխան՝ մոդելը էնդոգենացնում է վերջինիս ազդեցությունը գնաճային սպասումների և քաղաքականության փոխանցումային մեխանիզմի վրա։ Այս հատկանիշները մոդելը դարձնում են հատկապես կիրառելի արտաքին տատանողական պայմաններին ենթարկվող տնտեսությունների համար։ Ընդհանուր առմամբ առաջարկվող հիմնակարգը գործնական վերլուծական հիմք է ապահովում ռիսկերի վրա հիմնված դրամավարկային քաղաքականության իրականացման և բարձր անորոշության պայմաններում քաղաքականության երկընտրանքների գնահատման բարելավման: