«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին

Հայտարարություն

ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

Թույլ տրված խախտումները

  1. Գործող իրավակարգավորումների համաձայն՝ կազմակերպության ղեկավարությունը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար: Ինչպես նաև, գործող իրավակարգավորումների համաձայն՝ Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպություններից ստանում է ամսական հաշվետվություններ՝ վերջիններիս գործառույթների վերաբերյալ, ինչպես նաև կարող է պահանջել ներկայացնել որոշակի տեղեկատվություններ: Վերոնշյալ տեղեկատվությունների և հաշվետվությունների ներկայացման նպատակն է արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար բավարար տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը:

    Վերոգրյալի ներքո՝ Կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության (այսուհետ՝ Ընկերություն) գործադիր տնօրեն՝ Իրինա Գասպարյանը, Կենտրոնական բանկի մի շարք նախազգուշացնող գրություններից հետո՝ իր իրավասություններից բխող բավարար միջոցառումներ չձեռնարկելու արդյունքում Կենտրոնական բանկ պարբերաբար ներկայացրել է ոչ արժանահավատ տեղեկություններ։ Մասնավորապես՝

    • Ընկերության կողմից ներկայացված՝ 2024 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2025 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի Ձև թիվ 1 հաշվետվություններում նշված բարձր իրացվելի ակտիվների՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մնացորդները չեն համապատասխանում նույն ժամանակահատվածի «Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվի և իրացվելիության տնտեսական նորմատիվների վերաբերյալ» Ձև թիվ 3 հաշվետվություններում նշված բարձր իրացվելի ակտիվների՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մնացորդներին։
    • Ընկերության կողմից ներկայացված՝ 2025 թվականի փետրվար ամսից մինչև 2025 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածի «Հաշվեկշիռ» ձև թիվ 1 հաշվետվություններում նշված արտարժութային հաշիվ արտերկրում ենթահաշվի վերջին օրվա դրությամբ մնացորդները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի ծանուցմանն ի պատասխան Ընկերության կողմից ներկայացված գրությունում նշված՝ արտերկրում արտարժութային հաշիվների մնացորդների հանրագումարին:
    • Ընկերության կողմից ներկայացված՝ «Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցված վճարային ծառայությունների վերաբերյալ» Ձև թիվ 10 հաշվետվության մեջ ներառված չեն եղել Ընկերության՝ արտերկրում առկա արտարժութային հաշիվները:
    • Ընկերության կողմից ներկայացված՝ «Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվի և իրացվելիության տնտեսական նորմատիվների վերաբերյալ» Ձև թիվ 3 հաշվետվության մեջ Ընկերությունը նախքան ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից կանոնադրության փոփոխության պետական գրանցումը 2025 թվականի օգոստոս ամսվա կապիտալի հաշվարկում ներառել է Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի կողմից որոշմամբ հաստատված կանոնադրական կապիտալի համալրված չափը:

Տեղեկատվություն խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

Խախտումները թույլ տալու համար Ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանի նկատմամբ կիրառվել է տուգանք` 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նախազգուշացում՝ ապագայում նման խախտումները բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու, խախտումները վերացնելու, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ Կենտրոնական բանկ 5-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականներով։

Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ

Պատասխանատվության միջոց կիրառելու որոշման պահին Կենտրոնական բանկի կողմից արձանագրված խախտումները մասամբ վերացված են, Ընկերության կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվել 2025թ․-ի որոշ ճշգրտված հաշվետվություններ։

Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը

17/07/2026թ.