«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին

Հայտարարություն

ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

Թույլ տրված խախտումները

1. Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են հաճախորդներից ներգրավված, սակայն շահառուներին կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին դեռևս չվճարված դրամական միջոցները (այսուհետ՝ Ֆինանսական պարտավորություններ) ցանկացած պահի առանձնացնել վճարահաշվարկային կազմակերպության սեփական միջոցներից և նշված միջոցները ստացման օրվան հաջորդող օրվանից պահել հատուկ բանկային հաշվին: Հատուկ հաշվի մնացորդը կարող է փոքր լինել վճարահաշվարկային կազմակերպության նախորդ օրվա դրությամբ Ֆինանսական պարտավորությունների մեծությունից միայն այն դեպքում, երբ առկա են համապատասխան բանկային երաշխիքի կամ ապահովագրության պայմանագրեր: Վերոնշյալ կարգավորումը նպատակ ունի ապահովելու վճարահաշվարկային կազմակերպությունների հաճախորդների դրամական միջոցների անվտանգությունը:

Վերոգրյալի ներքո ՀՀ կենտրոնական բանկն (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն, (այսուհետ՝ Ընկերություն) չկատարելով Կենտրոնական բանկի նախագահի նախկինում տրված հանձնարարականները, 2024 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2025 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ստանձնած Ֆինանսական պարտավորություններ չափով գումար 111 օր չի ապահովել հատուկ բանկային հաշվին կամ չի կնքել համապատասխան գումարի չափով բանկային երաշխիքի կամ ապահովագրության պայմանագրեր:

2. Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են մշտապես ապահովել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանված բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների նվազագույն հարաբերակցությունը (Ն2 տնտեսական նորմատիվ): Նորմատիվի սահմանումը նպատակ ունի ապահովելու վճարահաշվարկային կազմակերպությունների բնականոն գործունեության համար անհրաժեշտ բավարար իրացվելի միջոցների առկայությունը: Վերոգրյալի ներքո ՀՀ կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ Ընկերությունը 2025 թվականի մայիս և հունիս ամիսներին խախտել է վճարահաշվարկային կազմակերպությունների բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների նվազագույն հարաբերակցության Ն2 տնտեսական նորմատիվը:

3. Գործող իրավակարգավորումների համաձայն՝ վճարահաշվարկային կլազմակերպությունները իրենց կանոնադրական կապիտալի փոփոխման պարագայում Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվություն՝ կապիտալի չափի փոփոխության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից կանոնադրության փոփոխման հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվության ներկայացումը հնարավորություն է տալիս Կենտրոնական բանկին օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարահաշվարկային կազմակերպությունների կապիտալի չափի վերաբերյալ՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու և ֆինանսական համակարգի կայունությունը ապահովելու նպատակով:

Վերոգրյալի ներքո՝ Կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ Ընկերությունը Կենտրոնական բանկ սահմանված ժամկետում չի ներկայացրել 2025 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից հաստատված կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացվող «Կանոնադրական կապիտալի ձևավորման մասին» ձև թիվ 7 ֆինանսական հաշվետվությունը։

Տեղեկատվություն խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

Խախտումները թույլ տալու համար Ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` 1,500,000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև նախազգուշացում՝ ապագայում նման խախտումները բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ Կենտրոնական բանկ հնգօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականներով:

Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ

Պատասխանատվության միջոց կիրառելու որոշման պահին Կենտրոնական բանկի կողմից խախտումները վերացված են։

Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը

17/07/2026թ.