«ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին
Հայտարարություն
ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ
Թույլ տրված խախտումները
1. Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող բաժնետիրական ընկերությունները պարտավոր են հայտարարել և սահմանված կարգով գրանցել իրենց կանոնադրական կապիտալի նվազումը, եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից։ Վերոնշյալ կարգավորումը նպատակ ունի ապահովելու բաժնետիրական ընկերությունների պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Վերոգրյալի ներքո՝ ՀՀ կենտրոնական բանկն (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) 2021-2025 թվականներին Կենտրոնական բանկ ներկայացված «Հաշվեկշիռ» Ձև թիվ 1 հաշվետվությունների համաձայն` երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է եղել Ընկերության կանոնադրական կապիտալից, սակայն Ընկերությունը չի հայտարարել և սահմանված կարգով չի գրանցել կանոնադրական կապիտալի նվազում:
2. Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Կենտրոնական բանկն իր վերահսկողական գործառույթի ներքո վճարահաշվարկային կազմակերպություններից տարեկան կտրվածքով ստանում է հաշվետվություններ, որոնցում արտացոլված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս վերջիններիս նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը:
Վերոգրյալի ներքո՝ Կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ Ընկերությունը Կենտրոնական բանկ չի ներկայացրել 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները։
3. Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են մշտապես ապահովել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի Ն1 տնտեսական նորմատիվի նվազագույն չափը՝ 100 մլն ՀՀ դրամ։ Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը նպատակ ունի ապահովելու վճարահաշվարկային կազմակերպությունների բնականոն գործունեությունը և հնարավոր ռիսկերի կլանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը:
Վերոգրյալի ներքո` Կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ Ընկերությունը 2025 թվականի դեկտեմբեր, 2026 թվականի հունվար և փետրվար ամիսներին խախտել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի Ն1 տնտեսական նորմատիվը:
Տեղեկատվություն խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ
Ընկերության ֆինանսական վիճակը հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից Ընկերության նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` մինչև 31․12․2026թ․ խախտումները վերացնելու և իրականացված միջոցառումների վերաբերյալ Կենտրոնական բանկ 5-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականներով։
Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ
Պատասխանատվության միջոց կիրառելու որոշման պահին Կենտրոնական բանկի կողմից արձանագրված 1-ին և 3-րդ կետերով նկարագրված խախտումները վերացված չեն, իսկ արձանագրված 2-րդ կետով նկարագրված խախտման վերաբերյալ հայտնում ենք, որ Ընկերության կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվել 2024թ․ տարեկան ֆինանսական հաշվետվությունները։
Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը
20/07/2026