«ՄԻՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ պատասխանատվության միջոցի մասին

Հայտարարություն

ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

Թույլ տրված խախտումը

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են հաճախորդներից ներգրավված, սակայն շահառուներին կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին դեռևս չվճարված դրամական միջոցները (այսուհետ՝ Ֆինանսական պարտավորություններ) ցանկացած պահի առանձնացնել վճարահաշվարկային կազմակերպության սեփական միջոցներից և նշված միջոցները ստացման օրվան հաջորդող օրվանից պահել հատուկ բանկային հաշվին: Հատուկ հաշվի մնացորդը կարող է փոքր լինել վճարահաշվարկային կազմակերպության նախորդ օրվա դրությամբ Ֆինանսական պարտավորությունների մեծությունից միայն այն դեպքում, երբ առկա են համապատասխան բանկային երաշխիքի կամ ապահովագրության պայմանագրեր: Վերոնշյալ կարգավորումը նպատակ ունի ապահովելու վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներգրավված՝ հաճախորդների դրամական միջոցների անվտանգությունը:
Վերոգրյալի ներքո՝ ՀՀ կենտրոնական բանկն (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «ՄԻՓԵՅ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) պատշաճ չի կատարել Կենտրոնական բանկի նախագահի 21.01.2026 թվականի թիվ 1/01 ԲԳ-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) տրված հանձնարարականը` կրկին թույլ տալով Որոշմամբ արձանագրված խախտումը։ Մասնավորապես՝ Ընկերությունը 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին ստանձնած Ֆինանսական պարտավորությունների չափով գումար 89 օր չի ապահովել հատուկ բանկային հաշվին կամ չի կնքել համապատասխան գումարի չափով բանկային երաշխիքի կամ ապահովագրության պայմանագրեր այն պարագայում, երբ Ընկերությանը Որոշմամբ տրվել էր Որոշմամբ արձանագրված խախտումները 10-օրյա ժամկետում վերացնելու և արդյունքների վերաբերյալ 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարական, մինչդեռ Ընկերությունը պատասխանատվության ենթարկվելուց հետո 10-օրյա ժամկետում չի վերացրել խախտումը և կրկին թույլ է տվել նույն խախտումը՝ պատշաճ չկատարելով Կենտրոնական բանկի Որոշմամբ տրված հանձնարարականը:

Տեղեկատվություն խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ

Խախտումը թույլ տալու համար Ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև նախազգուշացում:

Տեղեկատվություն պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ

Պատասխանատվության միջոց կիրառելու որոշման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արձանագրված խախտումը վերացված է:

Պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ամսաթիվը

15/07/2026թ.