Հրապարակվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի փոխադարձ գնահատման հաշվետվությունը

Սույն թվականի հունվարի 28-ին Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հրապարակվել է 2015թ. դեկտեմբերի 10-ին հաստատված Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով Հայաստանը հանդես է եկել որպես 2012 թվականին վերանայված ՖԱԹՖ մեթոդաբանությամբ գնահատվող ԵԽ առաջին անդամ երկիր:

2014 թվականի դեկտեմբեր ամսից մեկնարկած գնահատման գործընթացը առանձնանում էր նրանով, որ առաջին անգամ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը պետք է գնահատվեր ոչ միայն ՖԱԹՖ-ի 40 Հանձնարարականներին տեխնիկական համապատասխանության, այլև դրանից բխող 11 Անմիջական արդյունքների իրագործման արդյունավետության տեսանկյունից: Հաշվետվությամբ արձանագրվել է՝

  • Տեխնիկական, մասնավորապես՝ օրենսդրական համապատասխան մեխանիզմների առկայության տեսանկյունից, Հայաստանը լիովին կամ հիմնականում համապատասխանում է ՖԱԹՖ-ի 40 Հանձնարարականներից թվով 35-ին:
  • Արդյունավետության գնահատման տեսանկյունից՝ Հայաստանն ապահովել է արդյունավետության զգալի կամ բավարար մակարդակ 11 Անմիջական արդյունքից թվով 9 Անմիջական արդյունքի մասով:

Արդյունավետության զգալի կամ բավարար մակարդակ է արձանագրվել միջազգային համագործակցության, ֆինանսական համակարգում ներդրված կանխարգելիչ միջոցառումների, իրավաբանական անձանց թափանցիկության, ԱՖ դեմ պայքարի հետ կապված միջազգային պարտավորությունների կատարման և ԱՖ կանխարգելիչ միջոցառումների ներդրման, ինչպես նաև ԶՈԶ տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտներում: Ընդգծվել է ֆինանսական հետախուզության արդյունավետության բարձր մակարդակի առկայությունը:
Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ ՓԼ հետ կապված գործերի քննության և հետագա դատաքննության, ինչպես նաև միջոցների բռնագանձման առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ:

Համաձայն ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի որոշման՝ Հաշվետվության հիման վրա ձեռնարկված քայլերի վերաբերյալ ՀՀ կողմից առաջընթացի հաշվետվություն կներկայացվի 2018թ-ի ապրիլին, իսկ որոշ հարցերով միջանկյալ հաշվետվություն՝ 2016թ-ի դեկտեմբերին:

ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի նախորդ գնահատումը անց է կացվել 2009 թվականին՝ համաձայն ՖԱԹՖ 2004 թ. մեթոդաբանության: