Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի, որոնց ներքո տրամադրվող վարկերը չեն ներառվում պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի հաշվարկում, ցանկը սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/94 Ա

27.02.2026

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի, որոնց ներքո տրամադրվող վարկերը չեն ներառվում պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի հաշվարկում, ցանկը սահմանելու մասին

Նպատակ ունենալով սահմանել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի (որոնց ներքո տրամադրվող վարկերը չեն ներառվում պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի հաշվարկում) ցանկը՝ գնահատելով դրանց ներքո տրամադրվող վարկերի ազդեցությունը ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերի տեսանկյունից,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 68-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի 52-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով՝

Ո ր ո շ ո ւ մ եմ․

1. Սահմանել բնակարանային ապահովման պետական աջակցության այն ծրագրերի ցանկը, որոնց ներքո վարկեր տրամադրելիս պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը չի հաշվարկվում։ Ընդ որում, պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը չի հաշվարկվում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի ներքո տրամադրվող այն վարկերի դեպքում, որոնց ամբողջ գումարը՝ մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ ցանկում ներառվում են բնակարանային ապահովման պետական աջակցության հետևյալ ծրագրերը․
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր»,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ