Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 1/404 Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/370 Ա

09.10.2025

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 1/404 Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների ստացման էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագիրը, տեղեկությունների փոխանցման կարգը և փոխանցվող տվյալների տիպային ձևաչափը սահմանելու մասին» թիվ 1/404Ա որոշման Հավելված 1-ով հաստատված «Տեղեկությունների փոխանցման կարգ»-ում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «օրենքով սահմանված մարմին» բառերից հետո լրացնել «, ընդ որում, սույն կարգով նախատեսված էլեկտրոնային կառավարման համակարգերով գործընթացների իրականացումն ապահովվում է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից»» բառերը.

2) Կարգի 13-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Բանկի ներկայացուցիչը յուրաքանչյուր տարի, մինչև նոյեմբերի 30-ը, ներկայացնելով Բանկի գործադիր տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, դիմում է Հարկային մարմնին գաղտնագրման բանալի ստանալու նպատակով: Հարկային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է Բանկի կողմից լիազորված անձին էլեկտրոնային կրիչի միջոցով տրամադրել գաղտնագրման բանալի և էլեկտրոնային կրիչով գաղտնագրման բանալին հանձնելու վերաբերյալ կազմել փոխադարձ ստորագրված արձանագրություն:».

3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով.

«7) Այն պարագայում, երբ գաղտնագրման բանալու հետ կապված առկա է խնդիր, որը բանալու օգտագործումը կդարձնի անհնարին, Բանկը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Հարկային մարմնին՝ առաջացած խնդիրը համատեղ լուծելու կամ նոր բանալի ստանալու նպատակով:
8) Արխիվացված հաղորդագրությունները գաղտնազերծելու նպատակով յուրաքանչյուր բանալու վավերականության ժամկետը 3 տարի է: Կողմերը պարտավոր են պահպանել գաղտնագրման բանալիները տվյալ կազմակերպության անվտանգության քաղաքականությամբ սահմանված ապահով տիրույթում:
9) Բանկը, օգտագործելով տրամադրված բանալին, հունվարի 1-ից մինչև հունվարի 31-ը կատարում է նախորդ տարվա տվյալների գաղտնագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցում գաղտնագրված հաղորդագրությունները։ Անվտանգության բարձրագույն մակարդակն ապահովելու նպատակով կիրառվում է AES (Advanced Encryption Standard) կրիպտոգրաֆիկ ալգորիթմը՝ օգտագործելով 256 bit երկարությամբ բանալի և 128 bit երկարությամբ բլոկներ։ Գաղտնագրման ռեժիմը հիմնված է CBC (Cipher Block Chaining) մեթոդի վրա, որը յուրաքանչյուր հաջորդ բլոկի գաղտնագրման ժամանակ օգտագործում է նախորդ բլոկի արդյունքը՝ այդպիսով ապահովելով տվյալների առավել բարձր պաշտպանվածություն։ Տվյալների լրացման համար կիրառվում է PKCS7 ստանդարտը, որն ապահովում է բլոկների լիարժեք լրացումը գաղտնագրման գործընթացում։».

4) Կարգի 18-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Սխալի կոդը
1001- Գաղտնագրման սխալ
1002- Վավերականության սխալ
9999- Այլ սխալ».

5) Կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային միջավայրով փոխանցված հաղորդագրությունները գրանցվում և պահպանվում են Կենտրոնական բանկում՝ այդ նպատակով վարվող առանձնացված տվյալների պահոցում (այսուհետ` «սև արկղ»): Ընդ որում`
1) «Սև արկղերում» պահպանվում են Կենտրոնական բանկին տրամադրած կամ վերջինիս կողմից ուղարկված հաղորդագրություններում առկա տեղեկատվությունները:
2) «Սև արկղերում» գրանցված տեղեկատվությունն արխիվացվում և պահպանվում է հետևյալ սկզբունքներով.
ա. Օպերացիոն տվյալների հենքում (տեխնիկածրագրային միջոցներով հարցման համար մշտական հասանելիության տիրույթում) պահպանվում են նվազագույնը նախորդ տարվա հունվարի 1-ից (ներառյալ) մինչև ընթացիկ պահի տվյալները,
բ. Արխիվում պահպանվում են նվազագույնը նախորդ 5 տարվա (ստանալու պահից սկսած) տվյալները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 10-ից։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                  Արմեն Նուրբեկյան