«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/422 Ա
06.11.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 40,000,000 (քառասուն միլիոն) դոլարային արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 46 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին (նոյեմբերի 4-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 40,000,000 (քառասուն միլիոն) դոլարային արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ