Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի հետ կնքվող գործարքների Սի Բի Էյ Նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով հայտերի ներկայացման և ընդունման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/81Լ

03.02.2014

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի հետ կնքվող գործարքների Սի Բի Էյ Նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով հայտերի ներկայացման և ընդունման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը`

Ո ր ո շ ու մ եմ.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի հետ կնքվող գործարքների Սի Բի Էյ Նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով հայտերի ներկայացման և ընդունման մասին» կարգը` համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1/1076L որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի հետ կնքվող գործարքների Սի Բի Էյ Նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով հայտերի ներկայացման և ընդունման մասին» կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

Արթուր Ջավադյան

Հավելված

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՍԻ ԲԻ ԷՅ ՆԵԹ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի հետ կնքվող գործարքների ՍԻ ԲԻ ԷՅ ՆԵԹ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով հայտերի ներկայացման և ընդունման մասին» կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (այսուհետ` Բանկ) հետ կնքվող գործարքների Սի Բի Էյ Նեթ միջբանկային համակարգչային (այսուհետ` Սի Բի Էյ Նեթ) ցանցի միջոցով հայտերի ներկայացման և դրանց` Կենտրոնական բանկի կողմից ընդունման կանոնները:
2. Հայտերի ընդունման համար Սի Բի Էյ Նեթ ցանցի Կենտրոնական բանկի Lotus Domino սերվերի վրա նախատեսված են առանձին փոստարկղեր`
1) “CB Securities Box” անվանումով (CB Securities Box/CBANet)` արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների կնքմանն ուղղված հայտերի համար,
2) “CB Repo Box” անվանումով (CB Repo Box/CBANet)` ռեպո և հակադարձ ռեպո գործարքների կնքմանն ուղղված հայտերի համար,
3) “CB FXauction Box” անվանումով (CB FXauction Box/CBANet)` աճուրդի միջոցով արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքների կնքմանն ուղղված հայտերի համար,
4) “CB Swap Box” անվանումով (CB Swap Box/CBANet)` արժութային սվոփ գործարքների կնքմանն ուղղված հայտերի համար,
5) “CB DPauction Box” անվանումով (CB DPauction Box/CBANet)` դրամական միջոցների ներգրավման սակարկությունների միջոցով գործարքների կնքմանն ուղղված հայտերի համար,
6) “CB Forex Box” անվանումով (CB Forex Box/CBANet)` երկկողմանի արժութային գործարքների կնքմանն ուղղված հայտերի համար:
3. Հայտերը, ինչպես նաև դրանց հետ կապված հաղորդագրությունները Կենտրոնական բանկի կողմից ընդունվում են միայն սույն Կարգի 2-րդ կետով նախատեսված փոստարկղերի միջոցով: Այլ փոստարկղերին ստացված հայտերը չեն ընդունվում և համարվում են անվավեր:
4. Սույն Կարգի 2-րդ կետով նախատեսված փոստարկղերից օգտվելու իրավասությունները սահմանվում են Կենտրոնական բանկի ֆինանսական վարչության (այսուհետ` Ֆինանսական վարչություն) պետի կողմից:
5. Սույն Կարգի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված փոստարկղեր մուտքի իրավասություն ունեցող User.id ֆայլերը գրանցվում են բազմակի (multiple) գաղտնագրով` առնվազն երկու գաղտնագրերի մուտքագրումով, ընդ որում` փոստարկղերը պետք է բացվեն Կենտրոնական բանկի կողմից տվյալ գործարքի կնքման համար սահմանված կամ հայտերի ընդունման հայտարարված վերջնաժամկետի ավարտից հետո:
6. Սի Բի Էյ Նեթ ցանցի միջոցով ուղարկվող հայտերն ընդունվում են Կենտրոնական բանկի կողմից տվյալ գործարքների կնքման համար սահմանված և/կամ հայտարարված ժամանակահատվածում և պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի և Բանկերի միջև կնքված համաձայնագրերի և պայմանագրերի դրույթներին:
7. Բանկը հայտերը, ինչպես նաև դրանց հետ կապված հաղորդագրությունները ներկայացնում է միայն Սի Բի Էյ Նեթ ցանցի Lotus Domino սերվերներում գրանցված տվյալ գործարքների կնքման համար իրավասու էլեկտրոնային հասցեներից, որոնք նախապես գրավոր ներկայացվում են Կենտրոնական բանկ:
8. Հայտերը, ինչպես նաև դրանց հետ կապված հաղորդագրությունները Կենտրոնական բանկի կողմից ընդունվում են միայն սույն կարգի 7-րդ կետով նախատեսված իրավասու էլեկտրոնային հասցեներից: Այլ էլեկտրոնային հասցեներից ստացված հայտերը չեն ընդունվում և համարվում են անվավեր:
9. Իրավասու էլեկտրոնային հասցեների փոփոխման կամ փակման դեպքում Բանկը գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին փոփոխության վերաբերյալ:
10. Յուրաքանչյուր հայտ (հաղորդագրություն) պետք է պարտադիր օժտված լինի` հաղորդագրության առաքումը (Delivery option/Confirm delivery) հաստատող անդորրագիրը (delivered) ստանալու հնարավորությամբ, պաշտպանված լինի էլեկտրոնային ստորագրությամբ (Delivery option/sign) և ծածկագրումով (Delivery option/Encrypt):
11. Հայտերը, ինչպես նաև դրանց հետ կապված հաղորդագրությունները Կենտրոնական բանկի կողմից ընդունվում են միայն սույն կարգի 10-րդ կետով նախատեսված էլեկտրոնային ստորագրության և ծածկագրման առկայության դեպքում: Առանց էլեկտրոնային ստորագրության և ծածկագրման ստացված հայտերը համարվում են անվավեր:
12. Այն դեպքում, երբ Սի Բի Էյ Նեթ ցանցի միջոցով հայտի ուղարկումն անհնար է կամ ուղարկված հաղորդագրությունների դիմաց չեն ստացվել առաքումը հաստատող անդորրագրեր (delivered)` Բանկը ձեռնարկում է հետևյալ հաջորդականությամբ գործողություններ`
1) տեղյակ է պահում Կենտրոնական բանկի Սի Բի Էյ Նեթ ցանցի ադմինիստրատորին հաղորդագրությունը ուղարկելու անհնարինության մասին,
2) Կենտրոնական բանկի Սի Բի Էյ Նեթ ցանցի ադմինիստրատորը գրանցում է ահազանգը հատուկ մատյանում և միջոցներ է ձեռնարկում խափանումը վերացնելու ուղղությամբ: Խափանումը մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտի ընդունման վերջնաժամկետը վերացնելու դեպքում ադմինիստրատորը տեղյակ է պահում այդ մասին Բանկին,
3) եթե նշված խափանումը չի վերացվում, Կենտրոնական բանկի Սի Բի Էյ Նեթ ցանցի ադմինիստրատորը այդ մասին տեղեկացնում է Ֆինանսական վարչության պատասխանատու աշխատակցին և տվյալ Բանկին,
4) Բանկը հայտն ուղարկում է Կենտրոնական բանկում տեղակայված Սի Բի Էյ Նեթ ցանցի աշխատանքային կայանի միջոցով մինչև Կենտրոնական բանկի կողմից տվյալ գործարքի համար սահմանված կամ հայտերի ընդունման հայտարարված վերջնաժամկետը:
13. Կենտրոնական բանկում տեղակայված Սի Բի Էյ Նեթ ցանցի ռեզերվային աշխատանքային կայանից հայտի մուտքագրումն իրականացնում է Բանկի համապատասխան աշխատակիցը: Սի Բի Էյ Նեթ ցանցի աշխատանքային կայանը պետք է ապահովի հայտերի մուտքագրումը սահմանված User.id-ից հայտերի ընդունման թույլատրված ժամանակահատվածում:
14. Այն դեպքում, երբ Բանկը հնարավորություն չունի հայտերը մուտքագրել Սի Բի Էյ Նեթ ցանցի միջոցով, կարող է հայտերը ներկայացնել Ֆինանսական վարչություն թղթային տարբերակով Կենտրոնական բանկի և Բանկերի միջև կնքված համաձայնագրերի և պայմանագրերի դրույթներին համապատասխան: