Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 1/212 Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/288 Լ

29.07.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 1/212 Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման ընթացակարգը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2020 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգը հաստատելու մասին» թիվ 1/212Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կարգի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«2) Վարկերի տոկոսադրույքների միջին կշռված մակարդակը Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչության կողմից հաշվարկվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ հաշվետու օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ ֆինանսական իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության դրամով և ԱՄՆ դոլարով 90 օրից ավել ժամկետայնությամբ տրամադրված վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա:
Տարվա հաշվարկում ներառվում են հունվար և դեկտեմբեր ամիսների այն շաբաթները, որոնց օրերի գերակշիռ մասը ընդգրկվում է այդ օրացուցային տարվա մեջ:
Հաշվարկում արտարժութային միջոցները փոխարկվում են տվյալ տարվա միջին փոխարժեքով:»,

2) Կարգի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) Յուրաքանչյուր տարի՝ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության (այսուհետ՝ ՖՀԿ) վարչության կողմից մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը ՖՀԿ վարչության կողմից ներկայացվող հարցերի քննարկման համար նախատեսված կոմիտեի քննարկմանն է ներկայացվում Հաշվարկային դրույքի սահմանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկություն՝ ներառելով Կենտրոնական բանկի Մակրոտնտեսական դեպարտամենտի, ՖՀԿ և Ռիսկերի կառավարման վարչությունների կողմից սույն կարգի 1-ին կետով սահմանված ցուցանիշների վերաբերյալ տրամադրված տեղեկանքները և եզրահանգումները Հաշվարկային դրույքի փոփոխության նպատակահարմարության վերաբերյալ:»,

3) Կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ կետով.
«6.1) Սույն Կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետից բացի` ՖՀԿ վարչության կողմից ներկայացվող հարցերի քննարկման համար նախատեսված կոմիտեի քննարկմանը Կենտրոնական բանկի ՖՀԿ վարչության կողմից կարող է ներկայացվել Հաշվարկային դրույքի սահմանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկություն ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով ՀՀ ֆինանսական համակարգում տոկոսադրույքների մակարդակը, դրանց կառուցվածքը և դինամիկան, բանկերի և վարկային կազմակերպությունների պորտֆելների կառուցվածքը, միջազգային շուկաներից եկող ազդակները, տարածաշրջանային առանձնահատկությունները և այլ գործոններ։»,

4) Կարգի 7-րդ կետում «Գործադիր կոմիտեի նիստի» և «ՖՀԿևԶ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՖՀԿ վարչության կողմից ներկայացվող հարցերի քննարկման համար նախատեսված կոմիտեի» և «ՖՀԿ» բառերով,
5) Կարգի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Մակրոտնտեսական և Ֆինանասական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սույն որոշմամբ սահմանված կարգով հաշվարկել և ներկայացնել 2024 թվականի համար հաշվարկված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

 

Մարտին Գալստյան