«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում Թամարա Ստեփանյանի գրանցումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/506 Ա

04.10.2023

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում Թամարա Ստեփանյանի գրանցումը մերժելու մասին

Նկարագրական մաս

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև` Բյուրո) 06.09.2023 թ. և 07.09.2023 թ. միջնորդագրերով և կից փաստաթղթերով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ Բյուրոյի գլխավոր հաշվապահի պաշտոնում Թամարա Ստեփանյանին գրանցելու միջնորդությամբ:

Պատճառաբանական մաս

Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի՝ Բյուրոյի գլխավոր հաշվապահը պետք է համապատասխանի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:
Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (այսուհետ՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, որոնց թվում է նաև ապահովագրական ընկերությունը, գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները:
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 17-ի և «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 25-ի՝ փորձագետ հաշվապահի կամ աուդիտորի որակավորում ստանալու համար դիմողը, ի թիվս այլ պահանջների, պետք է հանձնի որակավորման քննություններ:
Ներկայացված փաստաթղթերից և կատարված ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Թամարա Ստեփանյանը չի հանձնել որակավորման քննությունները, ուստի չունի փորձագետ հաշվապահի կամ աուդիտորի որակավորում:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Թամարա Ստեփանյանը չի համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չափանիշներին:

Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 41-ով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 34-ով, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 190-րդ կետի 3-րդ ենթակետով,
hաշվի առնելով այն, որ Բյուրոն 06.09.2023 թ. և 07.09.2023 թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ Թամարա Ստեփանյանին Բյուրոյի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (04.10.2023 թ. թիվ 42 արձանագրություն)՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Մերժել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում Թամարա Ստեփանյանի գրանցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպություն մուտքագրվելու կամ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության` սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ