«Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 12-Ն
26.01.2026
«Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» սահմանելու մասին
հրապարակման ամսաթիվ՝ 29.01.2026
Նպատակ ունենալով անցումային փուլում ապահովել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող սուբյեկտների կողմից կնքվող գործարքների վերաբերյալ պատշաճ տվյալների գրանցումը և պահպանումը, ինչպես նաև ստանալ ամբողջական, համադրելի և ժամանակին տեղեկատվություն կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ՝ կրիպտոակտիվներով մատուցվող ծառայությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 94-րդ հոդվածի 2․2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Սահմանել «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կարգը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն որոշման Հավելվածով հաստատված կարգի Բաժին 3-ով սահմանված հաշվետվությունն առաջին անգամ ներկայացնելիս Հաշվետվության մեջ ներառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 94-րդ հոդվածի 2․1-ին մասով սահմանված Ցանկում ներառվելու օրվանից իրականացված գրանցումների կամ գրառումների վերաբերյալ տեղեկությունները։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Մարտին Գալստյան
Երևան