«ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 2 Ա

07.01.2026

«ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 5-րդ գլխով,
հաշվի առնելով «ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» ՓԲԸ ստեղծումը նախաձեռնող անձ Արեն Նալթակյանի կողմից 06.08.2025թ․, 26.08.2025թ․, 29.08.2025թ․, 23.09.2025թ․, 30.10.2025թ․, 28.11.2025թ․, 10․12․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 57 արձանագրություն) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026թ. հունվարի 7-ի թիվ 02 ԾԳ Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ԷՅ ԴԻ Ի ԻՔՍ» փակ բաժնետիրական ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար.
• հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը.
• իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը.
• արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին.
• իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը.
• արժեթղթերի փաթեթի կառավարումը.
• արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը․
• արժեթղթերի պահառությունը.
• փոխառության տրամադրումը հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ.
• արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը.
• խորհրդատվության տրամադրումն ընկերություններին՝ կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցումը.
• իր կամ հաճախորդի հաշվին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը.
• արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը և տարածումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արեն Նալթակյանին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`           Մարտին Գալստյան
Երևան